Նախազգուշացվել են տաքսի ծառայությունները
Տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերություններ այսօր ՏՄՊՊՀ որոշմամբ ստացան խիստ նկատողություն։
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել եւ բացահայտել, որ տաքսիների ներսում տեղադրված տաքսոմետրի դիմաց 1կմ-ի դիմաց գրված է 100 դրամ, իսկ նվազագույն վճարը՝ 600 դրամ, որը փոփոխվում է սկսած ոչ 6 կմ-ից։
Պարոն Շաբոյանի խոսքերով, տարբեր տաքսի ծառայությունների մոտ նվազագույն պարտադիր վճարը փոխվում է 2.1կմ-ից սկսած, որոշ տաքսիների մոտ էլ փոփոխվում է 4.1կմ-ից։
«Ստացվում է, որ 1կմ-ի դիմաց ուղեւորը վճարում է ոչ թե 100 դրամ, այլ՝ 120-ից 150 դրամ»,-ասաց պարոն Շաբոյանը՝ հավելելով, որ քանի որ տաքսի ծառայություններն առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ տեսադաշտում եւ ուսումնասիրվել են քիչ ընկերություններ, և որպեսզի տնտեսվարողների նկատմամբ չկիրառվի խտրականություն, 16 ընկերությունները միայն խիստ նկատողություն կստանան։
Խիստ նախազգուշացում ստացած ընկերություններն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի քարավան», «Զոլոտոյ Դյուկ», «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան։
Երեւանում գործում է ավելի քան 100 տաքսի ծառայություն իրականացնող ընկերություն։