Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ 6 միլիոն՝ ՀԲ-ից

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը:

Ծրագրի շրջանակում 3 մլն դոլարի աջակցություն կստանան 10 բուհեր` հնարավորություն ստանալով կյանքի կոչել իրենց զարգացման համար հետաքրքիր և արդիական նախագիծ: Երկրորդ` երկար տարիներ պետությունը միատեսակ էր ֆինանսավորում բուհերին. այսինքն` որքան ուսանող էր ընդունվում, այդքան գումար էր պետությունը փոխանցում բուհերին` պետական պատվերի շրջանակում ուսումը կազմակերպելու համար:

Սա բավականին պարզունակ մեխանիզմ լինելով` այնուհանդերձ ժամանակին թույլ էր տալիս ապահովել բուհական մրցակցություն` ընդունելության քննությունների մակարդակում: Այս համատեքստում Կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը` հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով բուհերին լավ, փայլուն գաղափարներով, արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը:

Եվ, ահա, Նորարարությունների մրցակցային հիմնադրամը թույլ է տալիս բուհերում զարգացնել նոր տիպի մշակույթ, երբ հնարավոր է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում, շահել պետական դրամաշնորհներ` ներկայացված ծրագրերի արդիականության և արդյունավետության հիման վրա։ Այս մասին նշել է ԿԳ նախարարը` հավելելով, որ Համաշխարհային բանկի հետ նոր բանակցությունների շրջանակում ՀՀ կառավարությանը հաջողվել է ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով գալիք տարիներին ստանալ լրացուցիչ 6 մլն դոլարի աջակցություն:

Բուհական համակարգի կողմից Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհների տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի համաձայն:

ԿԳՆ