Ո՞ր կոտրվածքներն են պետպատվերով բուժվում (տեսանյութ)
Շտապ օգնության ծառայությունում գրանցված կանչերում չեն գերակշռում փողոցներում վայր ընկած դեպքերը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա փոխանցմամբ` անցյալ շաբաթ կոտրվածքների վերաբերյալ գրանցվել է 15, իսկ նախորդ շաբաթ` 10 դեպք:
Ըստ Թագուհի Ստեփանյանի` մեկ օրում գրանցվող 600 կանչից միայն մի քանիսը կարող է սառույցի վրա վայր ընկնելու դեպք լինի:
«Ամեն ընկած չէ, որ կոտրվածք է ստանում, իսկ վերջնական արդյունքը երևում է արդեն հիվանդանոցում, որտեղ մենք նրանց տեղափոխում ենք», - ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական քաղաքականության վարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի խոսքով` կոտրվածքների դեպքերն ավելացել են, ինչն, ըստ նրա, օրինաչափ է այսպիսի սաստիկ ձմռան ընթացքում:
Այն հարցին, թե արդյոք կոտրվածքների դեպքերը սպասարկվո՞ւմ է պետպատվերի շրջանակներում, Վարդանյանը նշեց, որ կոտրվածքների միայն թեթև դեպքերն են պոլիկլինիկական մակարդակում սպասարկվում անվճար հիմունքներով. «Եթե քաղաքացին ընկել է և թեթև վնասվածք է ստացել, կարող է դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկա և սպասարկվել առանց գումար վճարելու», - ավելացրեց Առողջապահության նախարարության պաշտոնյան։
Ըստ նրա` հստակ սահմանված է, թե կոտրվածքների որ դեպքերն են հիվանդանոցներում սպասարկվում պետպատվերով, իսկ որը՝ վճարովի հիմունքներով։ Լուրջ կոտրվածքները` բաց կամ փակ կոտրվածք, խոշոր խողովակային տրավմա, կողոսկրային և ազդրային ջարդվածքները պետպատվերի շրջանակներում են սպասարկվում՝ նշում է Ծաղիկ Վարդանյանը: