Փարիզյան տրամադրություն, որը վարակիչ է (տեսանյութ)
Երեւանը դեռ պատրաստվում է, իսկ միլիոնավոր քրիստոնյաներ այսօր նշում են Սուրբ ծնունդը։
Ինչպես եվրոպական մյուս մայրաքաղաքները, Փարիզը եւս Սուրբ Ծնունդին պատրաստվում է մեկ ամիս։ Ավելի ճիշտ՝ տոնական տրամադրությունն այստեղ հաստատվում է նոյեմբերի կեսերից արդեն։
Հենց մութն ընկնում է, Ֆրանսիայի մայրաքաղաքը դառնում է հեքիաթային։ Լույսերի, գույների եւ երաժշտության խաղը Փարիզը դարձնում են անմոռանալի, նույնիսկ եթե այնտեղ չես պատրաստվում տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը։
Տարեմուտից առաջ Փարիզն ավելի շքեղացնելու մարաթոնը Սուրբ Ծննդին ավարտվում է, եւ սկսվում է նվերներ բաժանելու մրցավազքը։ Մինչ ֆրանսիացիները հիանում են սուրբծննդյան նվերներով, տարանցիկ ուղեւորները վայելում են Փարիզի հմայքները։
Ավտոբուսային էքսկուրսիաները լավագույն միջոցն են, երբ ունես ընդամենը մի քանի ժամ Փարիզին ծանոթանալու համար։ Իսկ եթե ունես երկու օր, պարզապես կարող ես գնել 44 եվրոյանոց տոմս/ երեխաների դեպքում տոմսը 20 եվրո է/, եւ ժամեր շարունակ պտտվել Փարիզում։ Կարող ես իջնել ցանկացած կանգառում, բարձրանալ մեկ այլում. տոմսը հնարավորություն է տալիս երթեւեկել ամբողջ օրը։
«Սատանի անիվ» կոչվող ատրակցիոնը լուսավոր է մի ամբողջ ամիս։ Նույնիսկ երբ վերեւում սառնությունն ավելի զգալի է, բարձրության սիրահարները մոտ քսան րոպե պտտվում են՝ վճարելով այդ հաճույքի համար 15 եվրո։
Եթե մրսել ես, ապա մոտակա սրճարան վազելու կարիք չկա, երբ Ամանորյա տոնավաճառում կարող ես գտնել եւ տաք գինի, եւ շոկալադ , եւ քաղցրավենիք։
Ամանորյա տոնավաճառն ու լույսերի խաղը քեզ դարձնում են Սուրբ ծննդյան խորհրդի մի մասնիկը, թեկուզ եւ քո հայրենիքում՝ Հայաստանում՝ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշելու է հունվարի 6-ին։
Իսկ դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում է ոչ միայն կաթոլիկ աշխարհը, այլև մի շարք երկրների ուղղափառները, լյութերականները և բողոքական այլ ուղղությունների ներկայացուցիչները։