Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոնուս»-ից խաբված բնակիչները գնում են Արցախբանկ

Հասարակություն
6d171955f9ab0a900d671addc9a08b00

«Դուրս մեր բնակարաններից, դու օտար ես, Արցախբանկ», «Կանխենք Արցախբանկի հանցավոր գաղափարները» կարգախոսներով այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները։ Նրանք նշում են, որ 180 ընտանիք «Տոնուսի» խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։

Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան։ Գումարները մուծել են Արցախբանկում, իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ հիմա բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել, իսկ Արցախբանկը 1 քմ -ի համար բնակիչներից պահանջում է եւս 450 դոլար մուծել՝ կրկնակի, քան պայմանավորվել էին։ Բնակիչները նշում են, որ այդ գումարով կարող են Ռուսաստանում բնակարան ձեռք բերել, եւ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի լքեն Հայաստանը։

Բնակիչներին Կառավարությունից ընդունեց Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և առաջարկեց գնալ Ֆինանսների նախարարություն՝ խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալու։ Սակայն բնակիչները չհամաձայնեցին, որովհետեւ նախորդ անգամ էլ գնացին, եւ որեւէ խնդիր չլուծվեց։
Ի դեպ, քաղաքացիները հայց են ներկայացրել դատարան, որպեսզի դատական կարգով կարողանան խնդրին լուծում տալ։

Այս պահին «Տոնուս»-ից խաբված բնակիչները շարժվում են Արցախբանկի մոտակա մասնաճյուղեր։

Հիշեցնենք, նախորդ անգամ նրանք փորձեցին գրավել բանկի Սայաթ-Նովայի մասնաճյուղը, նրանց ընդունեցին բանկի աշխատակիցները, զրուցեցին, սակայն նորից հարցին լուծում չտրվեց։