Մենք ծխախոտամոլ ենք
2014 թվականը ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով` իրենք իրականացնելու են կրծքով կերակրելու և մանկական սնուցման ծրագրերը. «Կարևոր է երեխանների համար կրծքով կերակրելը, քանի որ մայրական կաթի շնորհիվ նրանք ամբողջ կյանքի ընթացքում կձերբազատվեն մի շարք հիվանդություններից»:
Քրմոյանը նշեց, որ առողջ ապրելակերպ խթանելու համար իրենք օրինագծեր են մշակել նաև ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը նվազեցնելու համար: Ըստ նրա` ծխախոտամոլությունը լուրջ խնդիր է մեր երկրում. «Դրա հետևանքով առաջանում են մի շարք սրտանոթային և թոքային հիվանդություններ»:
Նա հայտնեց, որ օրենք են մշակելու ծխախոտի գովազդը արգելելու համար. «Արդեն իսկ ծխախոտ չի գովազդվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, պետք է արգելել գովազդը նաև տպագիր լրատվամիջոցներով», - ասաց Սուրեն Քրմոյանը և հավելեց, որ ծրագրեր կմշակվեն նաև ալկոհոլի չարաշահումը կանխելու համար:
«Թունդ ալկոհոլները չեն գովազդվում, բացառությամբ հայկական կոնյակը, որը մեր ազգային բրենդն է», - նկատեց Քրմոյանը:
Պրն Քրմոյանը համակարգի խնդիրների մսին խոսելու հակված չէր. անդրադառնալով ուռուցքաբանության կենտրոնում մանկական վերակենդանացման բաժանմունք չլինելու մասին մեր հարցին՝ Քրմոյանն ասաց. «Այս հարցին պատասխանելու համար զանգահարեք առողջապահության նախարարություն, մենք ձեզ առանձին կպատասխանենք»: