Ձկնորսություն Սեւանում՝ սիգի ձվադրման շրջանում
«Սիգի պաշարները այս տարի ավելացել են»,-ամփոփելով 2013 թվականը`տեղեկացնում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Ակադեմիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սիգի պաշարները հասել են 300-320 տոննայի, մինչդեռ վերջին տարիներին պաշարները չէին գերազանցում 6.5- 8 տոննան: Պարոն Գաբրիելյանը նման աճը բացատրում է մի քանի պատճառներով, որոնցից հիմնականն այն է, որ երբ 2009 թվականից սկսած սիգի պաշարները գրեթե վերացման եզրին էին, շատ ձկնորսներ դադարեցին զբաղվել ձկնորսությամբ և դա ազդեց սիգի պոպուլյացիայի վրա:
Բարդուխ Գաբրիելյանը շտապեց նաև զգուշացնել`սա դեռ ուրախանալու պատճառ չէ. «Տեսնում ենք, որ այս տոնական օրերին էլ բավականին մեծ քանակով վաճառվում է, մինչդեռ որսը արգելված է, մանավանդ հիմա`սիգի ձվադրման շրջանում, եթե այսպես գազանաբար որսը շարունակվի, մենք, ցավոք սրտի, կրկին կվերադառնանք սիգի նախկին քանակներին»,-եզրափակեց նա: