Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1998-ԻՑ ՀԵՏՈ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԵՐՋԱՆԿԱՑԵԼ Է

Տնտեսություն

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը կառավարությանը ներկայացրած հաշվետվությունից հետո այսպիսի հայտարարություն արեց. «Մարզում այսօր տիրում է նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ», իսկ Արմավիրում իր պաշտոնավարման տարիներին արձանագրած բոլոր հաջողությունները նա համեմատության մեջ էր դնում 1998 թվականի հետ: Հիշեցնենք, որ հենց այդ տարի հանրապետության առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

Թե ողջ մարզում տիրող նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտը ինչպես է հայտնաբերել եւ մեկնաբանում մարզպետը, բառացի մեջբերում ենք նրա խոսքից. «Երբ որ քաղաքականացված մարդու հետ խոսում են, ինչքան լավ բան տեսնում է, ասում է` չէ, սա լավ չի, մանավանդ` եթե հակառակորդ է լինում, այսինքն` ընդդիմադիր: Իսկ ընդդիմադիրը այդպես պետք է չլինի. եթե լավը տեսնի, լավը պետք է ասի, վատը տեսնի` վատը պետք է ասի: Անկեղծ օրինակ եմ բերում. եթե 1998թ. ամբողջ մարզպետարանի բյուջեն եղել է ընդամենը 29 միլիոն, հիմա 123 միլիոն է, չասե՞նք, որ աճ կա: Դպրոցների համար 1998-ի եթե ընդամենը 1,5 միլիարդ էինք ստանում, հիմա դարձել է 3,2 միլիարդ, կամ առողջապահության բնագավառը 98 թվականին, ազնվությամբ եմ ասում, պետության տված գումարներից ստանում էր ընդամենը 10-20 տոկոսը, հիմա 100 տոկոսով ստանում է` սա պետք է ասվի: Այ, բարոյահոգեբանական մթնոլորտը ես սրա մեջ եմ տեսնում. որ մարզը քաղաքականացված չէ, ես ինքս կուսակցության անդամ չեմ, ինձ համար բոլոր կուսակցությունները հավասար են` ընդդիմադիր կլինի թե իշխանամետ»:

Մարզպետին խնդրեցինք պարզաբանել նաեւ հետեւյալը. 2003թ. գարնանային հանրահավաքներին Արմավիրի մարզից ոտքով Երեւան ժամանած մեծ թվով ակտիվիստներ կային, որոնք ձեռքին «Արմավիրի մարզը ձեզ հետ է» կարգախոսով ցուցապաստառներ էին բռնել: Կարելի՞ է ենթադրել, որ մարզից այլեւս միտինգներին չեն մասնակցի, խնդիրը կարգավորված է: «Նախ` այդ պաստառն է արմավիրցի եղել, բռնողը արմավիրցի չի եղել,- ասաց Ալբերտ Հերոյանը,- հարցրել ենք` ասել է, թե 3000 դրամ տվել են, բռնել եմ»:

Այնուհետեւ մարզպետը հակասեց ինքն իրեն. «Մենք ոչ մեկին չենք էլ ասել, թե միտինգներին մի մասնակցիր, իսկ ովքեր որ մասնակցել են` դրանք թալանչիներ են: Թալանից զրկվել են, հիմա ոչ մի բան չեն կարողանում փախցնել, դրա համար գնում են միտիգի»: