Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՈՂԱՑՈՂ» ԴՐԱՄԻ ԿՈՒՐՍՆ ԱՐԴԵՆ ՍՈՒԶՎԵ՞Լ Է

Տնտեսություն

Հայաստանը բանակցություններ է վարում Հոնկոնգի, Թաիլանդի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ՝ համաշխարհային արժութային միասնական միավոր ստեղծելու համար: Բանակցությունները նախաձեռնել են անհատ մասնագետ-գիտնականները: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Նախաձեռնության հեղինակները դժգոհում են Կենտրոնական Բանկի որդեգրած արժութային քաղաքականությունից եւ, մասնավորապես, դրամի լողացող կուրսից:

ԲՈՒՀ-երում տնտեսագիտություն դասավանդող Թաթուլ Մանասերյանը պնդում է, որ դրամի արժեւորման եւ արժեզրկման անընդհատ տատանումները նախ հակասում են համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներին եւ երկրորդը՝ հայկական դրամի մանիպուլիացիաների որեւէ տնտեսագիտական հիմնավորում որեւէ դասագրքում գտնել հնարավոր չէ: Այն, որ դրամի տատանումները թելադրված չեն տնտեսագիտական նորմերով, Թաթուլ Մանասերյանը փորձում է ապացուցել տարրական օրինակով. «Այսօր արտահանումը զիջում է ներմուծմանը, գրեթե 2 անգամ, որը տնտեսական լրջագույն սպառնալիք է եւ կախվածությունը ներմուծումից է ստեղծվում»: Թաթուլ Մանասերյանը վերհիշեց, թե ինչպիսի վերաբերմունքի արժանացավ ԿԲ նախագահի կողմից խորհրդարանում ներկայացված արժութային քաղաքականությունը. «Այդ ժամանակ ես եւ իմ գործընկերները վկա էինք այն փաստի, որ գործարարները, որոնք մասնակցում էին քննարկմանը, ուղղակի դուրս եկան ի նշան բողոքի: Այն գործարարները, որոնց մի մասն էլ, ի դեպ, կոալիցիային հարող ուժերից էին: Նրանք լսեցին շատ անհեռատես եւ անհավասարակշիռ պատասխան ԿԲ նախագահից: Այն է. չգիտենք ինչ կլինի, միգուցե, ավելի վատ կլինի»:

Այս հարցում տնտեսագետի կարծիքը հետեւյալն է. «Այն ներարկումները, որոնք տեղի ունեցան տարվա վերջին, մեկ նպատակ էին հետապնդում՝ ապահովել բյուջեում ֆիքսված այդ փոխարժեքը, որը ամեն գնով պետք էր պահպանել»:

Այն փաստը, որ ԿԲ եւ կառավարության ներկայացուցիչները խուսափում են կանխատեսել, թե ինչպիսի «վարքագիծ» կունենա դրամը 2005-ին, ըստ տնտեսագետի, ապացուցում է, որ դրամը այնքան էլ կայուն չէ, ինչպես այդ մասին հավաստիացնում են պետական օղակները: