Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ

Տնտեսություն

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շատ լրջորեն զբաղվում է, որպեսզի վերահսկի մրցակցային դաշտը, բայց խնդիրներ ունի եւ հիմնականում՝ ֆինանսական»,- այսօր իր կարծիքը հայտնեց փորձագետ Խուան Ռամոն Իտուրիագագոտիտիրիան: Նա ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքականության խորհրդատվություն ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին» տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական խումբը: Ծրագիրն իրականացվել է 2004թ հուլիսի 27-ից մինչեւ 2005թ փետրվարի 28-ը:

Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում ասաց եվրոպացի փորձագետը, իրենք առաջարկում են խորհրդատվություն մրցակցության վերաբերյալ օրենսդրության բարելավման ուղղությամբ: Օրինակ՝ առաջարկվում է օրնսդրությամբ ամրագրել, որ որեւէ ընկերության նկատմամբ կիրառված մրցակցային սահմանափակումը չի գերազանցի հինգ տարին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի կարծիքով` առաջարկվող դրույթներից ոչ բոլորն են Հայատանում իրագործելի: Կան դրույթներ, որոնք անգամ ընկալելն է բարդ: «Դրանք քայլ-քայլ պետք է իրագործել»,-հայտնեց պարոն Շահնազարյանը:

Ի դեպ, պարոն Իտուրիագագոտիտիրիան լրագրողներին տեղեկացրեց, որ եթե որեւէ երկիր արդյունաբերական կամ այլ ճյուղ սուբսիդավորում է, ապա այդ անպայման պետք է վերահաստատի ԵՄ-ը: Վերջինս եթե չհաստատի, ապա տվյալ ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի գումարները: Հնարավո՞ր է այդպիսի տարբերակ Հայաստանում՝ հարցին պարոն Շահնազարյանը պատասխանեց դրական, բայց` ԵՄ անդամակցելու նախաշեմին: Հետաքրքիր է, որ Աշոտ Շահնազարյանն այնպիսի տոնով էր այդ ասում, որ կարծես դա այնքան էլ ուշ չի լինելու: