Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ

Տնտեսություն

«Պարզեցված հարկատեսակը շատ լիբերալ հարկատեսակ է, ինչպե՞ս կարելի է չսիրել պարզեցված հարկը, սակայն այդ հարկատեսակը անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար»,-այսօր ԱԺ-ի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ հայտարարեց հարկային պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Վերջինս, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեցին, որ այս հարկատեսակի ներմուծման հետեւանքով բազմաթիվ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ հայտնվել են պարզեցված հարկային դաշտում: Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը հարց ուղղեց Արմեն Ալավերդյանին. իսկ ինչո՞վ էր զբաղված հարկային տեսչությունը եւ ինչու չէր հայտնաբերում խոշոր բիզնեսմեններին, որոնք օրենք խախտելով պարզեցված հարկի շնորհիվ հզոր կարողություն դիզեցին: Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ սողանցքը թողնված է եղել օրենքում, ինչի պատճառով իրենք նույնիսկ դատարաններում են պարտվել եւ այդ պատճառով այսօր օրենսդրական փոփոխություն են ուզում կիրառել:

Այսօր խորհրդարան էին հրավիրվել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պետք է ներկայացնեին պարզեցված հարկի մասին իրենց նկատողություններն ու դիտողությունները: Փոխարենը նրանց մեծ անակնկալ էր սպասում. Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է մտածել պարզեցված հարկից հրաժարվելու մասին. դա կլինի 1 կամ 5 տարի հետո, կարեւոր չէ, բայց պետք է վերացնել պարզեցված հարկը: Այսբովանդակ ելույթից հետո Գագիկ Մինասյանը ստիպված էր հայտարարել, որ այս պահին խոսակցությունը գնում է ոչ թե պարզեցված հարկատեսակը վերացնելու մասին, այլ հարկային ոլորտում բարեփոխումների մասին:

Ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն էլ նկատեց, որ այս հարկատեսակը ներմուծելու խնդիրը եղել է փոքր ձեռներեցությանը խթանելը: Սակայն ներկաները արձանագրեցին, որ խթանվել է ոչ թե միջին, այլ խոշոր ձեռներեցությունը. «մանր բիզնեսը դարձել է խոշոր բիզնեսի կցորդը. բոլոր խոշոր ձեռնարկատերերն ունեն մի քանի մանր օբյեկտներ, սակայն որեւէ միջին կամ մանր ձեռներեցի հնարավորություն չի տրվում ունենալ խոշոր բիզնես. այսպես պետություն չեն ղեկավարում, այսպես թալանում են ժողովրդին»,-հայտարարեց Ցոլվարդ Գեւորգյանը: