Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒ՞ՆԸ

Տնտեսություն

«Մարդիկ էլ չեն դիմանում էդ ստուգումներին, հոգնել են: 15 անգամ ակցիզային հարկ են ստուգում, ՀԴՄ են ստուգում, շահութահարկ ու եկամտահարկ են ստուգում: Ինչքա՞ն կարելի է ստուգել, թող 5 տարին մեկ ստուգեն, ժողովուրդն էլ իմանա, որ պետք է 5 տարի հարկերը վճարի: Այդպես ավելի պարտաճանաչ կվճարի, քան վարչարարության շնորհիվ»,- նման տարօրինակ ելույթով այսօր հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը:

Պատգամավորը բավականին զայրացած էր. չէր հասկանում ԱԺ-ում կազմակերպված քննարկումների իմաստը. «Կառավարության անդամներից մեկն ասում է, թե պարզեցված հարկը շատ լավ հարկատեսակ է (Տիգրան Խաչատրյան՝ ֆինանսների փոխնախարար), մյուսն էլ ասում է, թե շատ վատն է, պետք է կամաց-կամաց հրաժարվենք դրանից (Արմեն Ալավերդյան` հարկային տեսչության պետի տեղակալ): Իսկ իմ կարծիքով բոլոր հարկերը պետք է հանել ու միայն թողել պարզեցված հարկը»:

Սամվել Բալասանյանը այլ, մեղմ ասած, տարօրինակ առաջարկություն արեց: Նա գտնում է, որ հարկային պարտավորությունների կատարումը պետք է լինի կամավոր սկզբունքով. «Մարդը եթե ուզում է հարկը վճարել, կվճարի կամովի, եթե չի ուզում վճարել՝ ոչ մեկը չի կարող ստիպել»:

Սամվել Բալասանյանը հիշեցրեց, որ վերջերս է վերադարձել Բահրենի Հանրապետությունից, եւ այնտեղ ընդամենը օգտագործվում է պարզեցված հարկ ու մաքսային: «Դրա համար էլ 1 մլն մարդ են, իսկ բյուջեն 3,8 մլրդ դոլար է, ոչ թե մեզ նման»,- ասաց Սամվել Բալասանյանն ու ավելացրեց, որ հարյուր տեսակի հարկ կա, դրա համար էլ բյուջեում փող չկա:

Ի դեպ, Սամվել Բալասանյանը ելույթի հենց սկզբից տեղեկացրեց, որ ինքը խոսում է ոչ թե որպես ՕԵԿ խմբակցության ղեկավար, այլ «անհատ մեծամասնական պատգամավոր». «Հանկարծ չսկսեք ասել, թե ՕԵԿ-ն այսպես է մտածում»:

ՕԵԿ-ական մյուս պատգամավոր Արտակ Առաքելյանը իրեն հատուկ ոճով հայտարարեց. «Հայերս շատ ինքնատիպ ենք. քրիստոնեությունն առաջինն ենք ընդունել, առաջինը հավատացինք, որ երիտթուրքերը դեմոկրատիա են բերում, առաջինը հավատացինք Գորբաչովի պերեստրոյկային, առաջինը ԱՊՀ երկրներում ներմուծեցինք պարզեցված հարկը, հիմա էլ ուզում ենք հրաժարվել»:

Ի դեպ, «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը մասնակցում էր քննարկումներին եւ մեր հարցին պատասխանելով` ասաց, որ թեեւ քննարկումները շատ արդյունավետ են, բայց սա կարող է վերածվել ինքնանպատակ քննարկման եւ ի վերջո չծառայել նպատակին այն առումով, որ կլանային տնտեսությունը պահպանվում է, մենաշնորհները մնում են, թողտվությունը կա, ըստ էության իշխանությունները տեղյակ են, թե ինչ է կատարվում` ով է մնացել ստվերում, եւ այս պայմաններում ուզում են հորինել նոր օրենքներ այն մարդկանց համար, ովքեր այսպես, թե այնպես իրենց հարկերը վճարում են, փոխանակ ստվերում գտնվող այն աղբյուրները, որ հայտնի են, բերվեն դեպի լույս: «Քանի դեռ չկա քաղաքական կամք, նման ակնկալիքները իրատեսական չեն»: