Վարդան Պետրոսյանի դատը` Եղվարդում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։00-ին, տեղի կունենա դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Դատը նշանակված է Եղվարդ քաղաքում, նիստը վարելու է դատավոր Յուրի Բաղդասարյանը։ Այդ օրը հայտնի կդառնա՝ երկարաձգվո՞ւմ է նրա խափանման միջոցի ժամկետը, թե ոչ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դերասանն ամենայն հավանականությամբ կմասնակցի դատական նիստին։ Նիկոլայ Բաղդասարյանը Վարդան Պետրոսյանին դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեսակցել է մի քանի օր առաջ։ Նրա խոսքով, դերասանի առողջական վիճակը, առաջին օրերի համեմատ, դրական է։ Հիշեցնենք, որ դերասանը մեղադրվում է ավտովթարի համար, որի հետեւանքով զոհվել է երկու անչափահաս երեխա, մի քանի անձ ծանր վիրավորվել է: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով: