Վարդան Պետրոսյանը բուժման կարիք ունի
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կվճռվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալության որոշման օրինականությունը։ Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Ձերբակալման որոշման վիճարկումից բացի, Նիկոլայ Բաղդասարյանն այսօր Վերաքննիչ դատարանում կներկայացնի բողոք, որը վերաբերում է Վարդան Պետրոսյանի կալանքը երկամսյա ժամկետով երկարաձգելուն։ Հիշեցնենք, որ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 30-ին կայացած դատական նիստի ժամանակ բավարարել էր կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Նիկոլայ Բաղդասարյանը չկարողացավ զսպել իր դժգոհությունը այսօրվա դատական համակարգի նկատմամբ. «Դատարանը որոշումները ոչ թե խորհրդակցական սենյակում, այլ այդ սենյակից դուրս է կատարում իր որոշումները եւ դրա ապացույցներն այսօր նույնպես ես կներկայացնեմ դատարան»։ Խոսելով դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս պահին վիճակը նորմալ է. «Վարդան Պետրոսյանը, սակայն, բուժման կարիք ունի, որն իրականացնել մեկուսարանում բնականաբար անհնար է»։ Քիչ առաջ տեղեկացանք, որ տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 10-ը։