Կդիմեն քաղաքացիական անհնազանդության (տեսանյութ)
«Դեմ ենք ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության անդամները առանձնապես հույսեր չեն կապում Սահմանադրական դատարանի հետ: Այս մասին «Ա1+»-ին ասաց նախաձեռնության անդամ Սևակ Ծատուրյանը: Ըստ նրա` եթե դատարանը չկասեցնի օրենքը, ապա իրենք կդիմեն կտրուկ քայլերի. «Հետագայում մեր քայլերը լինելու են արդեն ոչ սովորական և հանգիստ հավաքների տեսքով, լինելու է քաղաքացիական անհնազանդություն, բոլոր ուղղություններով ենք պայքարելու: Երբ որ ինձնից գումարը կտանեն, ես գիտեմ, որ դա դեմ է Սահմանադրությանը, որովհետև գումարը վերցնում են իմ կամքին հակառակ: Բոլորը կարող են դիմել դատարաններ: Եթե ամեն ամիս 1000 կամ 2000 մարդ դիմի դատարան, իրենք արդեն խնդիր կունենան»,- տեղեկացրեց Սևակ Ծատուրյանը: Հիշեցնենք, անցյալ շաբաթ խորհրդարանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, համատեղ խորհրդակցություն են անցկացրել և որոշել՝ հունվարի 18-ին նախատեսում են անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: