Եղանակը Հայաստանում՝ ըստ մասնագետների
Սովորաբար միջին օրական ջերմաստիճանի անցումը 00C-ից ցածր ընդունված է համարել ձմեռվա սկիզբ: Երևան քաղաքի սահմաններում այն տեղի է ունենում դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին: Ձմեռվա տևողությունը կազմում է 75-85 օր: Ձմեռը Երևանում չափավոր ցուրտ է: Միջինը 55 օր ցերեկը լինում է դրական ջերմաստիճան, չափավոր ցուրտ եղանակը տևում է 36 օր, իսկ օրերի 8 տոկոսի ընթացքում դիտվում են զգալի սառնամանիքներ: Ձմռանը միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 2-2.50C ցրտի, հունվարը ամենացուրտ ամիսն է, սակայն դիտարկումների ամբողջ ընթացքում դեպքերի 42 տոկոսում ամենից ցուրտ եղել է փետրվարը: Մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունների և Արարատյան դաշտի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից ելնելով միջին ամսական ջերմաստիճանը կարող է զգալիորեն շեղվել բազմամյա միջին մեծությունից: Այն դեպքում, երբ ջերմաստիճանի շեղումները բազմամյա միջինը չեն գերազանցում 1.50C-ով, համարվում է միջին ձմեռ: Դրանց քանակը կազմել է ընդհանուրի 32 տոկոսը: Ցուրտ և տաք ձմեռները (շեղումը` 1.50C-ից մինչև 4.60C) կազմել են համապատասխանաբար` 25 և 29 տոկոս, շատ ցուրտ և շատ տաք ձմեռները (շեղումը` 4.70C և ավելի)` միջինում 7 տոկոս: Ձմռանը Երևանում լավ արտահայտված են լինում ջերմաստիճանային ինվերսիաները, այսինքն, երբ ըստ բարձրության ջերմաստիճանները ոչ թե իջնում են, այլ` բարձրանում: Ինվերսիայով պայմանավորված` քաղաքի բարձրադիր մասերում հաճախ ավելի տաք է լինում, քան հարավային ցածրադիր մասերում, և այդ տարբերությունը հասնում է 5-70C: Ձյան ծածկը Երևանում սովորաբար առաջանում է դեկտեմբերի կեսերին և վերանում մարտի սկզբներին: Սակայն կայուն ձնածածկ լինում է միայն ձմեռների 50 տոկոսի դեպքում: Դրա առավելագույն տասնօրյակային բարձրությունը կազմել է 58 սմ: Ձմեռային մառախուղները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված լոկալ անտիցիկլոնի կենտրոնական հատվածներում դիտվող բավականին լավ արտահայտված ջերմաստիճանային ինվերսիաներով: Այն է` գետնամերձ շերտում առաջանում է ավելի ցածր ջերմային ֆոն, քան մթնոլորտի 1500-3000 մ բարձրություններում: Արդյունքում` առաջանում է ջրային գոլորշու խտացում և ցածր ամպամածություն ու մառախուղ: Դրանք սովորաբար պահպանվում են 7-10 օր, առանձին դեպքերում` 15-20 օր, հազվադեպ` ավելի երկար: Այն թյուր կարծիքը, որ կարելի է հրավառության կամ այլ ներգործությունների միջոցով ցրել մառախուղը, առաջացնել եղանակի տաքացում, մեղմ ասած` զառանցանք է: Հրավառությունը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ 300 կմ հորիզոնական և 800 մ ուղղահայաց ձգվածություն ունեցող մառախուղային ամպի վրա: Ավելին` այն միայն բացասական ազդեցություն է ունենում, քանի որ իրենից ներկայացնում է քիմիական նյութերի արտանետում դեպի մթնոլորտ: