Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աձնագրայիններում կուտակումներ են սկսվել (տեսանյութ)

Հասարակություն
tLOKYeAIgK4

Տոներից հետո անձնագրային բաժանմունքներում կուտակումներ են։ Հրմշտոցն ու վիճաբանությունը այսօր անպակաս էին նաև Շենգավիթի անձնագրային բաժանմունքում։ Քաղաքացիները գալիս են ժամկետն անց անձնագրերը փոխելու նպատակով: Կառավարության որոշմամբ` 2014 թվականից անձնագրի ժամկետը լրացած քաղաքացիներին կտրամադրվի նոր` կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ: «Արդեն 4-րդ օրն է՝ գալիս-գնում եմ: Անձնագրիս ժամկետն անցել է, հիմա էլ թոշակ չեն տալիս», «ոչ առողջություն ունենք, ոչ էլ, արդեն 73 ամյա կին եմ, էս նույն դիրքով երեք ժամ է կանգնած եմ»,«սպասում ենք, հլը մինչև 5-ն էլ կսպասենք»,- տարբեր կողմերից նշում էին քաղաքացիները: Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը շտապում է հանդարտեցնել կրքերը: Նրա խոսքերով` կուտակումները պայմանավորված են երկու հանգամանքով. «Առաջին` մի քանի օր առաջ կառավարությունում ինտերնետ կապը խափանվել էր, սակայն շատ արագ այդ հարցը կարգավորվել էր, երկրորդն էլ, որ տոնական օրեր են եղել, և չեն հասցրել ժամանակին քաղաքացիներին սպասարկել»: Նոր համակարգի ներդրմամբ քաղաքացին կարող է դիմել ցանկացած անձնագրային բաժանմունք` անկախ բնակության վայրից. «Ուստի, բացի Շենգավիթի բնակիչներից, կան նաև բնակիչներ մարզերից ու մյուս համայնքներից»,- ասում է տիկին Բարսեղյանը:   Նա նաև նշեց, որ կուտակումներն ազդել են իրենց աշխատանքային գրաֆիկի վրա. «Մենք աշխատում ենք առավոտյան 9-ից մինչև 20-ը, փորձում ենք մինչև վերջին քաղաքացին ճանապարհել»: Բաժանմունքի պետն իր հերթին խոստացավ, որ օրեր անց նման կուտակումներ այլևս չենք տեսնի. «Երեք օր հետո խոստանում ենք, որ այս հարցերը շտկված կլինեն»: Այս առնչությամբ այսօր հաղորդագրություն է տարածել նաև ոստիկանությունը` նշելով, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: