Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցրտի պատճառով դպրոց չեն գնում

Հասարակություն
dproc

Արարատյան դաշտավայրում գրանցված ցածր ջերմաստիճանի ազդեցությունը զգացել են նաև Արարատի և Արմավիրի մարզերի դպրոցները։ Արարատի մարզի 20 դպրոցներում ձմեռային արձակուրդները երկարաձգվել են մեկ շաբաթով։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը։ Եվ դրա համար կա ԿԳՆ որոշում։ «Այն դպրոցները, որոնք չունեն ջեռուցման լոկալ համակարգ, ջեռուցվում են էլեկտրական սալիկներով այդտեղ արձակուրդ ենք տվել», - հավելեց Մկրտչյանը։ Իսկ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի փոխանցմամբ՝ մարզի բոլոր դպրոցներում արձակուրդ է։ Սայադյանի խոսքով՝ սաստիկ ցրտերի պատճառով իրենք ձմեռային արձակուրդը երկարացրել են գարնանայինի հաշվին.«Գարնանային արձակուրդից 1 շաբաթ տեղափոխել ենք ձմեռային արձակուրդ, որով ավագ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 20-ը, իսկ առաջին դասարանցիները՝ 29-ը», - տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ Նա նաև նշեց, որ ցուրտ եղանակի պատճառով նույնիսկ լոկալ ջեռուցման համակարգ ունեցող դպրոցներում հնարավոր չէ ապահովել բարձր ջերմաստիճան. «Շատ ցուրտ է. ինչքան վառում ենք, միևնույն է, դասասենյակներում ցուրտ է», - ասաց Գայանե Սայադյանը։ Արմավիրի մարզի կրթության վարչության պետը հայտնեց, որ եթե ցրտերը շարունակվեն, հնարավոր է՝ կրկին դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարաձգվի.«Հնարավոր ամեն բան կանենք, որ երեխաները ցրտերին տնից դուրս չգան», - ավելացրեց նա։