Տրանսպորտի սակագնի հաշվարկները՝ շուտով
Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը մինչև ամսվա վերջ կներկայացնի ուղևորափոխադրման հաշվարկները: Այս մասին «Ա1+»-ին հաղորդեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովն իր վերջին նիստը գումարեց Ամանորից առաջ. «Քաղաքապետի հանձնարարությամբ հեղինակավոր կազմակերպությունն սկսել է սակագնի հաշվարկման աշխատանքները, որոնց նաև մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ։ Նրանք նստում են երթուղայինները, պտտվում և գրանցումներ անում: Մենք պատրաստում ենք նաև տեսանյութ, որը մանրամասն կներկայացնի, թե ինչ է արվել ու ինչպես: Մինչև այս ամսվա վերջ արդեն պարզ կլինի այդ կազմակերպության կատարած աշխատանքների արդյունքները, այսինքն` պարզ կլինեն տրանսպորտի սակագնի հաշվարկները»,- ասաց տիկին Նահապետյանը: Նա նաև հաղորդեց, որ այն կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթը և պարտավորվել են 100 դրամով ուղևորափոխադրում իրականացնել` անկախ հանձնաժողովի որոշումից, կշարունակեն իրենց գործառույթը. «Մեր գաղափարն այն է, որպեսզի արժանավայել տրանսպորտ ունենանք, խոսքը որակի փոփոխության մասին է, ոչ թե սակագնի»,- ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամը: