Պլանշետներով չեն սովորում նաեւ արտերկրում
ԿԳ նախարարի հայտարարությունից հետո, թե 2015 թվականից առաջին դասարանցիները դպրոցներում կօգտագործեն պլանշետներ, անհանգստացրել են մեր ընթերցողներին։ Հիշեցնենք, մեր պատրաստած ռեպորտաժում մասնագետներն ասում էին, որ այդ տարիքում ճիշտ չէ երեխային կապել համակարգչին՝ թե հոգեբանական, թե առողջապահական տեսանկյունից։ Այսօր մեզ զանգահարեց մի առաջին դասարանցու ծնող՝ մանկավարժ-հոգեբան Արմինե Խաչատրյանը ։ Նա պատմեց, որ իր երեխան աչքերի հետ կապված խնդիրներ ունի՝ չորություն, արագ թարթումներ եւ այլն, եւ մանկական պոլիկլինիկայում խստիվ արգելել են պլանշետով խաղեր խաղալ։ Սա այն դեպքում, երբ ըստ ծնողի, իր երեխան պլանշետով կամ համակարգչով խաղում է օրվա ընթացքում 1-2 ժամ։ Իսկ ըստ ԿԳՆ նախնական հայտարարության՝ երեխան այդ սարքերից պետք է օգտվի մոտ 6 ժամ։ «Եթե նույնիսկ ամեն դասի ընթացքում 20-25 րոպե էլ օգտագործեն այդ պլանշետները, միեւնույն է, երեխային կապել այդ տեխնիկայի հետ՝ ճիշտ չեմ համարում։ Այսպիսով՝ մենք երեխաներին նախ զրկում ենք մարդկային շփումներից, բացի այդ, երեխայի զարգացման հարցում մեծ դեր ունեն հենց գրքի, տետրերի ու գրիչի հետ շփումները, եւ այս ամենը բնավ էլ կարծրատիպեր չեն»,- ասաց մեզ զանգահարած մանկավարժ-հոգեբան Արմինե Խաչատրյանը։ Ի դեպ, ծնողը հարցում է արել նաեւ արտերկրում գտնվող իր հարազատների ու ծանոթների շրջանում։ Պարզվել է՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ եվրոպական երկրներից շատերում առաջին դասարանցիները պլանշետներով չեն անցկացնում դասերը, իսկ միջին դասարաններում էլ՝ բնավ ոչ ամեն ժամի։