Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդումն արդարացված չէ

Հասարակություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի քանդումը անթույլատրելի է: Նման կարծիքի է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` շենքը սովետական միության տարածքում կառուցված մոդեռնիստական ճարտարապետության լավագույն գործերից է: «Հիմա ճարտարապետական աշխարհը շատ լուրջ է վերաբերվում մոդեռնիստական գործերին: Մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ քանդելու այս մոլուցքը մեզ կկանգնեցնի շատ լուրջ խնդրի առաջ, քանի որ չենք ունենա համաշխարհային ճարտարապետության արժեք ներկայացնող շինություններ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետների միության նախագահը։ Չնայած քաղավիացիայի վարչության պետի կողմից արված հայտարարությանը, թե որոշում կա անպայման քանդել, Ճարտարապետը փոխանցեց, որ շենքի քանդման վերաբերյալ կառավարության կողմից դեռ որոշում չի կայացվել: Միությունն առաջիկայում պատրաստվում է շենքի քանդման դեմ ուղղած ծրագրային լուծումներ ներկայացնել կառավարությանը: Չնայած կառավարությունը միշտ էլ հարցը քննարկել է ճարտարապետների միության հետ, պրն Մինասյանը փոխանցեց. «Սեփականատերերը ավելորդ գլխացավանքներից ազատվելու համար միշտ էլ նախընտրում են քանդման տարբերակները»: Երեկ Հանրային խորհրդի նիստի օրակարգում ներառված էր նաեւ «Զվարթնոց»-ի հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Խորհուրդը, օրինակ, առաջարկել էր, որպեսզի մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն ներառի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել: Առաջարկ է եղել պարզելու, որ եթե օդանավակայանի նոր մասնաշենքն ընդլայնելու համար որոշվի ոչ թե քանդել հին համալիրը, այլ շրջանցել այն, ապա դա որքա՞ն հավելյալ ծախս կպահանջի: Դրա վերաբերյալ նույնպես արձագանք չի եղել: Հանրային խորհուրդն առաջարկել է նաև անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա հին համալիրի վերանորոգումն ու պահպանումը կամ հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի այլ նպատակներով օգտագործելու համար: Այս և այլ հարցերի վերաբերյալ չեն տրվել պատասխաններ, ուստի Հանրային խորհուրդը շարունակում է պնդել իր տեսակետը, որ քանի դեռ չկա հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը: