Կքննարկվեն վրացահայ համայնքի կրթական խնդիրները
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Նախատեսված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, Վրաստանում հայ համայնքի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Իվան Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, ինչպես նաև Իլյայի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարաններ, որտեղ հանդիպումներ կունենա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև հայ և վրացի ուսանողների հետ, հանդես կգա դասախոսությամբ: Այցի շրջանակներում ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ուսուցիչների վերապատրաստման Ազգային կենտրոնում հանդիպում կունենա հայ ուսուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Իլյայի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև: ԿԳՆ