Անչափահասների կողմից կատարվել է 418 հանցագործություն (տեսանյութ)
2013թ. անչափահաս երեխաների կողմից կատարվել է 418 հանցագործություն, նախորդ տարվա՝ 414 դիմաց։ Այսօր այս տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Վարդանյանը։ «Այս դեպքերն արձանագրվել են ՀՀ ոստիկանությունում։ 2013թ. անչափահասների կողմից կատարված հանցագործությունները կազմում են հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվի 2,2 տոկոսը, իսկ 2012թ. 2.6 տոկոս։ Պետք է նշենք, որ 0,4 տոկոսով դրական տեղաշարժ կա»,-ասաց Արթուր Վարդանյանը։ Պարոն Վարդանյանի խոսքերով, 2012թ. համեմատ 2013թ. 1 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարած սպանությունների թիվը։ «Նախորդ տարի գրանցվել է սպանության մեկ դեպք, իսկ այս տարի՝ 0։ Խարդախության դեպքով՝ 4, անօրինական զենք կրելը՝ 3 դեպք»,-նշեց գնդապետը՝ հավելելով, որ հանցագործություններ կատարում են տարբեր խավի ներկայացուցիչներ. «Եւ լավ ապրողներն են հանցագործություն կատարում, եւ վատ։ Հափշտակության դեպքերն են շատ, 2013թ. գրանցվել է 210 դեպք, դրանից հետո մարմնական վնասվածքներ կատարելու դեպքերն են»։ Հանցագործության բոլոր դեպքերը տեղի են ունեցել Երեւանում, նշում է Ոստիկանության ներկայացուցիչը։ «Երեւանից հետո երկրորդ տեղում է Արագածոտնի մարզը, երրորդ տեղում՝ Արմավիրը»։