Արգելվում է Չինաստանից ՀՀ որոշ մթերքների ներկրումը
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է Չինաստանից Հայաստան որոշ մթերքների ներկրումը։ Հիշեցնենք, որ Չինաստանում թռչնագրիպով վարակվել է ավելի քան 100 մարդ, թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով ոչնչացվել են հազարավոր թռչուններ։ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝ 1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը. 1) հրամանի 1-ին կետը «կենդանի թռչնի» բառերից հետո լրացնել «(բոլոր տեսակի)» բառերով, իսկ «լրացակերերի» բառից հետո՝ «(բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),» բառերով. 2) հրամանի 1-ին կետում «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար շրջանից» բառերը փոխարինել՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից» բառերով: 2. Սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված վերը նշված ապրանքների վրա: 3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ առաջիկայում էլ հետեւողական են լինելու՝ եթե ինչ-որ երկրում դիտվի որեւէ սուր վարակիչ հիվանդություն, ապա ծառայությունը անհապաղ քայլեր կձեռնարկի։