Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճիշտ ընկնելու դեպքում կոտրվածք չեք ստանա (տեսանյութ)

Հասարակություն
kotrvacq1

2013թ. Հայաստանում գրանցվել է կոտրվածքների 50-52 հազար դեպք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը։ Գրեթե նույնչափ դեպքեր են գրանցվել 2012-2011թթ.։ Վնասվածքները լինում են կենցաղային, որոնք Հայաստանում կազմում են 69 տոկոս, երկրորդ տեղում փողոցային վնասվածքներն են, լինում են նաեւ ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքով առաջացած վնասվածքներ։ «Փողոցային վնասվածքների ավելի շատ դեպքեր գրանցվել են դեկտեմբերի մինչեւ հունվարի առաջին կեսը՝ ելնելով տեղումներից, ձյան կուտակումներից։ Եղանակային պայմանների և փողոցների սառույցի հետևանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում։ Փողոցային վանսվածքներն ընդհանուր տոկոսների մեջ կազմում են 13-14 տոկոս»,- նշեց Ռուբեն Գալստյանը՝ հավելելով, որ քիչ չեն նաեւ արդյունաբերական վնասվածքները: Ամբողջ աշխարհում վնասվածքների հետեւանքով մահացությունը կազմում է տասը տոկոս, իսկ Հայաստանում այն կազմում է մոտավորապես 8-8,5 տոկոս՝ ասում է բժիշկը։ «Վնասվածքների պատճառով մահացությունը ամբողջ աշխարհում գրավում է երրորդ տեղը։ Առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդում՝ ուռուցքային հիվանդությունները։ Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ կոտրվածքներից մահերի թիվը կրճատվել է, քանի որ մարդիկ հիմա ավելի հաճախ են դիմում բժշկի, քան փորձում լուծել տնային պայմաններում»,-ընդգծեց Ռուբեն Գալստյանը։ Բժշկական գիտությունների թեկնածուի խոսքերով, քիչ չեն երիտասարդների ստացած վնասվածքները. «Դա կապված է լինում ոչ ճիշտ կոշիկներ կրելուց, ինչպես նաեւ հաճախակի շտապելու հետեւանքով։ Վայր են ընկնում եւ ոչ ճիշտ վայր ընկնելու հետեւանքով կոտրվածքներ ստանում, երբ մարդը հենվում է ձեռքի վրա եւ կոտրվածք ստանում»։ Կոտրվածքներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս կրել ոչ բարձր կրունկով կոշիկներ եւ պայուսակը գցել ուսին. վայր ընկնելիս չպետք է փորձել ոտքերով կանգ առնել, այլ պետք է աշխատել կողքի վրա ընկնել։