«Լավագույն արձակ 2013» մրցույթը կայացավ
«Անտարես» հրատարակչության «Լավագույն արձակ 2013» մրցույթը այս տարի միանգամից ունեցավ 5 հաղթող: Ինչպես նշեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը` այս տարի մրցույթում որոշակի փոփոխություններ են կատարվել` ժյուրին ընտրել է 3 լավագույն ստեղծագործությունները (100 հազար դրամական մրցանակ) և սահմանել 2 հատուկ մրցանակ (50 հազար դրամական մրցանակ): Ամուսիններ`Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» և Համբարձում Համբարձումյանի «Համլետի հոր ուրվականը» լավագույնների շարքում էին: «Ա1+»-ի հետ զրույցում Արփի Ոսկանյանը անկեղծ խոստովանեց, որ ընտանիքում մրցակցություն չկա. «Պատմվածքս սոցիալական կայքերի մասին է, մրցանակի հատուկ չէի սպասում, անցած տարի էլ եմ մասնակցել, հիանալի մրցույթ է: Ես ամուսնուս առաջին ընթերցողն եմ, նա՝ իմ, միշտ շտկումներ ենք անում, իրար խորհուրդներ տալիս, վիճում հաճախ: Տանը ես ասում եմ՝ դու ես արժանի մրցանակի, նա թե`ես »: Լավագույնների շարքում էին նաև Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը»,Մերի Մկրտչյանի «Շպերունգ» և Անի Գրիգորյանի «Սիեստա» ստեղծագործությունները: Հատուկ մրցանակներ էին սահմանել նաև մրցույթի հովանավորները: