Թբիլիսահայերի ակումբը տարածք չունի
Հայաստանում գործող Թբիլիսահայերի միջազգային ակումբը սեփական տարածք չունի. ահազանգում է ակումբի նախագահ Էդուարդ Եդիկիսելյովը։ Ակումբը գործում է արդեն 10 տարի։ Թբիլիսահայերի միջազգային ակումբի անդամները ամիսը մեկ անգամ հանդիպում են իրար, քննարկում իրենց խնդիրները։ Էդուարդ Եդիկիսելյովի տեղեկացմամբ ՝ ակումբում գրանցված է 560 թբիլիսահայ։ Նրանք հիմնականում միայնակ տարեցներ են, ովքեր ունեն ֆինանսական և առողջական խնդիրներ։ Թբիլիսահայերի միջազգային ակումբի նախագահի խոսքով՝ ակումբի անդամները սեփական նախաձեռնությամբ հիմնադրամ են բացել. օգնում են իրենց ակումբի առավել անապահովներին դեղորայքի հարցում։ Էդուարդ Եդիկիսելյովը Թբիլիսի վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու ցանկություն չունի, միայն ցավում է, որ այնտեղ հարազատների գերեզմաններն է թողել. «Տարին 2 անգամ մենք գնում էինք, երբ որ կար Արարատ Խրիմյանը, մեր ծնողների գերեզմանին ծաղիկ էինք դնում, երբ որ նա մահացավ, հիմա ռուս ղեկավարներ են, մի քանի անգամ դիմել ենք` ասում են մեզ չեն կարող օգնել», - նշում է նա։ Կառլոս Ազատյանն արդեն 5 տարի է՝ ակումբի անդամ է։ Այստեղ գտել է թբիլիսահայ ծանոթներից շատերին և ձեռք է բերել մշտական ընկերներ։ Ազատյանը մանկության քաղաք Թբիլիսին կարոտում է, սակայն վերադառնալ երբեք չի ցանկացել. «Թբիլիսիում հայերին ճնշում են, օր չեն տալիս, փողոցներում իրար հանդիպում են վիճում են», - ասաց Կառլոս Ազատյանը և հավելեց՝ Հայաստանն իմ հայրենիքն է, ես ինչո՞ւ պետք է իմ հայրենիքից դուրս ապրեմ։