Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացուն 450.000 դրամ է պետք, որ կտրի հիվանդ ոտքերը (տեսանյութ)

Հասարակություն
Hivand-mard

Կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին ավտոդողերի գործարանի «Դողագործ» ԲԲԸ մի խումբ աշխատակիցներ: Նրանք բողոքում են, որ 1996 թվականից սկսած մոտ 1600 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, իսկ 89 խեղանդամ թոշակառուներ իրենց հասանելիք թոշակների միայն մի մասն են ստացել: «Ա1+»-ի հետ զրույցում «Դողագործ»-ի աշխատակիցներից մեկը` Եփրակսիա Մամրեյանը նշեց, որ 1996 թվականից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը իրենց աշխատավարձերը «Դողագործ» ԲԲԸ-ն փոխանցել է «Ջեներալ Տրանսըրտ Մենյուֆեքչրինգ» կազմակերպությանը. «Արտասահմանցի մի ներդրող` Խրիմյան Սարգիս անունով, ներդրում կատարեց և կազմակերպությունը սկսեց աշխատել: Սակայն դա տևեց ընդամենը 2 տարի և 2005 թվականին այն կրկին փակվեց»: Տիկին Եփրակսիան նաև հավելեց, որ «Ջեներալ Տրանսըրտ»-ը իր վրա պարտավորություն էր վերցրել վճարել «Դողագործ»-ի կուտակած աշխատավարձերը, ինչը, սակայն, չարեց: ««Ջեներալ Տրանսըրտ»-ը 2008 թվականին սննկացավ և լուծարվեց: Դրանից հետո այդ գործարանը վաճառվեց պաշտպանության նախարարությանը: Դիմել ենք պաշտպանության նախարարություն, որտեղից էլ մեզ պատասխանեցին, որ նամակով դիմել են այդ կազմակերպություն, որպեսզի վճարեն մեր աշխատավարձերը»: «Ջեներալ Տրանսըրտ» կազմակերպության կենտրոնական լաբորատորիայի պետ Փարիզ Կասմանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բոլորը դիմել են դատարան և բոլորն էլ գրանցված են որպես պահանջատերեր: «Նրանք չեն ասում, թե չեն վճարի, ասում են, եթե իրենց հաշվին գումար նստի՝ կվճարեն: Վերջին անգամ անցած տարվա դեկտեմբեր ամսին մեզ վստահեցրին, որ դեկտեմբերի 25-ին մենք մեր ամբողջ գումարը կստանանք, բայց, փաստորեն, կրկին ստեցին»: Գործարանի աշխատակիցներից մեկն էլ` Ժորա Սարբազյանը, որը գործարանում աշխատելու արդյունքում հաշմանդամ է դարձել, մեզ հետ զրույցում ասաց, որ ստանում է 39.000 դրամ թոշակ, սակայն միայն գազի համար ամեն ամիս 60.000 դրամ է վճարում: «Ես որտեղի՞ց տամ այդ գումարը: Ես ուղղակի կխնդրեմ կառավարությանը, որ իմ կուտակված աշխատավարձից, որը չեմ ստացել, վերցնեն գումարը այնքան ժամանակ, մինչև այդ գումարը կվերջանա»: Գործարանում աշխատելու արդյունքում Ժորան հիմա ունի վիրահատության կարիք. «450.000 դրամ եմ ուզում, որ ոտքերս կտրեմ: Արդեն չի կարող բուժվել, պետք է կտրեմ…»: