Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գինին միջազգային ասպարեզ կմտնի

Հասարակություն
reno

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Դեսպանը հետաքրքրվել է Խաղողի և գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում և անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռևս անցյալ տարվա առաջարկին ի պատասխան՝ դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաև Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Գյուղնախարարություն