Ուղեվարձի հարցով՝ հանրային քննարկում (տեսանյութ)
Երեւանի ուղեւորահոսքի հետազոտությամբ զբաղվող միջազգային խորհրդատուն առաջիկա օրերին կավարտի իր վերլուծությունը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդամենը ուղեւորահոսքի հետազոտություն է անցկացվում, եւ ուղեվարձի սակագնի բարձրացման մասին խոսելն այս պահին դեռ վաղ է. «Մենք ընդամենը ստանալու ենք ինքնարժեք, դեռ աշխատելու են այդ արժեքը օպտիմալացնելու ուղղությամբ եւ դրանից հետո նոր միայն առաջարկ են ներկայացնելու քաղաքապետին։ Հետո նոր ընթացակարգ կա, այդ թվում՝ հանրային քննարկում, եւ դրանից հետո նոր միայն կձեւավորվի սակագին»,- ավելացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 20-ից տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 50 դրամով, սակայն հասարակական դժգոհության արդյունքում այն ժամանակավորապես կասեցվեց։ Ակցիաներ էին անցկացվում «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։ Ակցիային միացել էին նաեւ հայտնի մարդիկ։ Ակցիաների արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գների բարձրացումը չեղյալ հայտարարեց եւ քաղաքապետարանում ձեւավորվեց հատուկ հանձնաժողով՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վճարումը վերանայելու որոշման մշակման համար։