«Օլիգարխների զավակների քիմքին հաճո են Օքսֆորդը, Քեմբրիջը» (տեսանյութ)
«Զինապարտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով ՀՀ քաղաքացիների համար սահմանվում են անարդարություն, անհավասարություն: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին կառավարությունը հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության առաջարկած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է պետպատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետև տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ և գրավի պայմանով: Գրավի չափը 8.5 միլիոն դրամ է: «Վերացրեք խտրականությունը: Վերացրեք տարկետումը՝ սովորելու հետ կապված»,- ասաց Աշոտ Բլեյանը: Նրա համոզմամբ՝ 18 տարին լրացրած արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության խնդիր չունեն, առանց բացառության պետք է գնան բանակ, իսկ լրագրողները պետք է գնան դիրքեր ու տեսնեն՝ այսինչ մեծահարուստի տղան ծառայո՞ւմ է, ինչպե՞ս է ծառայում: Այդ դեպքում բանակում շատ բան կփոխվի: Քննարկման մյուս բանախոսը՝ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, ասաց, որ իրենք տարեկան մոտ 200 ուսանող են գործուղում արտերկրում սովորելու: Գործուղվողների 80-90 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ է, զինապարտ է. այժմ դիմորդների հիմնական մոտիվացիան է՝ մի տեղ ընդունվենք, միայն թե բանակից խուսափենք։ «Մենք հնարավորինս փորձում ենք փակել բոլոր այն սողանցքները, որոնցով մարդիկ փորձում են խուսափել ծառայությունից: Եթե մարդ ուզում է սովորել, պետք է նպատակային սովորի, ոչ թե բանակից խուսափելու համար մեկնի»,- օրենքում կատարված փոփոխությունների նպատակը ներկայացրեց Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ հաջորդելու է արտասահմանյան բուհերի, մասնագիտությունների հստակ սահմանում, թե որ դեպքում կառավարության որոշումով կտրվի տարկետում: Միաժամանակ Տիգրան Սահակյանը հերքեց այն տեսակետը, որ այդ կրթաթոշակային ծրագրերով արտասահմանում սովորելու են մեկնում օլիգարխների երեխաները: «Ես օլիգարխի երեխա, ճիշտն ասած, չեմ տեսել»,- ասաց Սահակյանը՝ պարզաբանելով, որ իրենք ուսանողներին ուղարկում են, օրինակ, Ռումինիա, Լեհաստան, իսկ օլիգարխների երեխաների «քիմքին հաճո են» Օքսֆորդը, Քեմբրիջը: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ օրենքում նման փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի մեկ կաթիլ ավելացնել բանակի զինակոչիկների թվին: Հովհաննիսյանը նաև կարծիք հայտնեց, որ այն երիտասարդները, որոնք մնում են արտասահմանում PhD ստանալուց հետո, ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանին, քան եթե վերադառնան Հայաստան և այստեղ ոչինչ չկարողանան անել: Օրինակ՝ Հայաստանին ավելի օգտակար կլինի, եթե հայ երիտասարդը մնա Քեմբրիջի համալսարանում և այնտեղ հելիումով փորձեր անի, քան վերադառնա Հայաստան, որտեղ չկա նման փորձեր կատարելու սարք: