Կայացավ «Ձնեմարդուկ» փառատոնը
Ջերմուկում ամփոփվեցին «Ձնեմարդուկ» ձնե քանդակների ամենամյա փառատոնի արդյունքները: Ներկայացված 52 աշխատանքներից լավագույնը ճանաչվեց 8-ը: Նկարում պատկերված Օլիմպիական արջուկը հաղթողներից մեկն է։ Ձնե քանդակների փառատոնը Ջերմուկում անցկացվում է երրորդ անգամ: Նախորդ տարիներին այն կրում էր ներքաղաքային բնույթ, բայց այս տարի մասնակցության հայտ կարող էին ներկայացնել նաեւ մասնակիցներ Երեւանից: Փառատոնի շրջանակներում միջոցառումներ էին կազմակերպվել նաեւ ճոպանուղու տարածքում: «Կարին» ավանդական երգի-պարի համույթը ջերմուկցիների համար հայկական ավանդական պարերի բաց դաս անցկացրեց: Միջոցառումը կազմակերպվել էին «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, Ջերմուկի երիտասարդական կենտրոն հասարակական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ Ջերմուկի քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ: Ըստ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ համանախագահ Վազգեն Գալստյանի՝ փառատոնի հիմնական նպատակն է նպաստել քաղաքում տուրիզմի զարգացմանը: Ճոպանուղին փառատոնի կապակցությամբ գործում էր հիսուն տոկոս զեղչով: