Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուրեղավանում համարյա մարդ չի մնացել» (տեսանյութ)

Հասարակություն
16

Բյուրեղավանցի կոշկակար Մխիթար Խաչատրյանը համամիտ չէ այն տեսակետին, թե որքան մարդկանց սոցիալական վիճակը վատանում է, այնքան կոշկակարների շահույթն ավելանում է, քանի որ մարդիկ նոր կոշիկ գնելու փոխարեն հինն են նորոգել տալիս: Մխիթարը պատվերներ ունենում է, բայց համաքաղաքացիները չեն կարողանում վճարել: Արդեն 23 տարի է՝ Մխիթար Խաչատրյանը կոշկակար է աշխատում Բյուրեղավանի նույն կրպակում: Կոշկակարություն ինքնուրույն է սովորել: Երբ կրպակը նոր էր բացել, գործը լավ էր, հետո աստիճանաբար վատացավ: Մխիթարը կրպակում թանկ շշեր էլ է ընդունում ու հանձնում, նաև վարորդ է աշխատում: «Դե, եթե վարորդություն չանեմ, կոշկակարությունը չի հերիքի օրվա յոլա գնալու»,- ասում է նա: Կոշկակարն օրը կատարում է 1000-3000 դրամի պատվեր, օրեր են լինում՝ պատվեր ընդհանրապես չի ունենում: «Էդի՝ մատերիալը հետը, բայց որ մատերիալը հանում ենք, համարյա բան չի մնում տակը: Պիտի մի 5000 լինի օրական, որ մի 2-2,5 հազար մատերիալի փողը դուրս գա, ու մնացածով էլ ապրես, բայց դե չկա»,- ասում է Մխիթար Խաչատրյանը: Նրա կինը դպրոցում է աշխատում, տղաները ժամանակավոր աշխատանքներ են կատարում Երևանում: Մխիթարի որդիները հորից կոշկակարություն սովորել են, բայց չեն ուզում այդ մասնագիտությամբ աշխատել: Մխիթարի խոսքով՝ Բյուրեղավանից արտագաղթ կա, հատկապես գարնանը: «Էստեղ համարյա մարդ չի մնացել»,- ասում է նա: Մխիթար Խաչատրյանը չի բացառում, որ եթե Ռուսաստանում իր համար կոշկակարի աշխատատեղ լինի, ինքն էլ կարող է արտագնա աշխատանքի մեկնել: Կոշկակարի կրպակից ոչ հեռու տեղադրված տաղավարում մի խումբ մեծահասակ բյուրեղավանցիներ թղթախաղ էին խաղում ու զրուցում: Նրանց խոսքով՝ քաղաքի մշակույթի տանը բոլոր հնարավորությունները կան՝ իրենց ժամանացն անցկացնելու համար, սակայն այն հեռու է և իրենք նախընտրում են հավաքվել բակի տաղավարում: Տարեց բյուրեղավանցիների կարծիքով ևս քաղաքի հիմնական խնդիրն աշխատատեղերի պակասն է: «Որ թոշակառու ենք, զբաղվում ենք մեր գործերով, բայց երիտասարդությունը լրիվ պարապ են, և աշխատանք չկա, և էսպես մնացածն էլ՝ շիվար: Շատերը Ռուսաստան են գնում, բայց էլի թողնում են, ետ դառնում գալում են: Գործարանները սաղ քանդեցին, սաղ ավիրեցին-տարան, սաղ ծախեցին, էլ ի՞նչ թողեցին»,- ասում էին նրանք: Տաղավարում հավաքված գրեթե բոլոր բյուրեղավանցիները երկար տարիներ աշխատել են քաղաքի Բյուրեղապակու գործարանում՝ այժմյան Ապակե տարաների գործարանում: Նրանք դժգոհում են, որ գործարանի արտադրամասերի մեծ մասն այլևս չի գործում, եղածում էլ իրենց այլևս աշխատանքի չեն ընդունի: Չնայած Բյուրեղավանը ստացել է քաղաքի կարգավիճակ, սակայն բնակիչների համար շարունակում է խնդիր մնալ Բյուրեղավան-Երևան երթուղին: Այն սպասարկում են միայն միկրոավտոբուսները, որոնք հաճախ գերբեռնված են: Բնակիչներն ուզում են, որ երթուղին ավտոբուսներ սպասարկեն, ինչպես Աբովյան-Երևան երթուղու դեպքում է: