Նրանց տուն է պետք (տեսանյութ)
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «Նրանց տուն է պետք» լուսանկարների ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էին գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի լուսանկարները, որոնք արտահայտությունն են Գյումրու երկրաշարժը վերապրած մարդկանց առօրյա իրականության, և նպատակ ունեն հանրության ուշադրությունը հրավիրելու նրանց սոցիալական խնդիրներին: ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ՝ Մարիա Դոցենկոն նշեց. ՙՄենք քաջալերում ենք ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը` հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին և հաղթահարելու աղքատությունը: 2000 թ. սկսած շոշափելի արդյունքներն ապացուցում են, որ Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է առաջընթաց, մինչդեռ չբավարարվելով առկա ձեռքբերումներով, կարիք կա անելու ավելին: ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը ավանդաբար հասարակության ուշադրությունն է հրավիրում ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգային հարցերի վրա` կիրառության մեջ դնելով հայկական մշակույթը և հարուստ ավանդույթները` իրենց տարաբնույթ դրսևորումներով:՚ 1988 թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժից հետո դեռ Գյումրիում 4,000 ընտանիք դեռևս ապաստանում է ժամանակավոր տնակներում: