Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարշալ եմ դառնալու, որովհետև մարշալը գեներալն է»

Հասարակություն
IMG_1584

«Մարշալ եմ դառնալու, որովհետև մարշալը գեներալն է և բոլորից ուժեղ է ու բանակում է»,-ահա այսպես է պատկերացնում իր ապագան 7-ամյան Կարենը, ով սովորում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի թիվ 1 դպրոցում: Իսկ նրա ընկերն ամոթխած հավելում է. «Ես ոստիկան եմ դառնալու, ոստիկանը լավ է»: Ֆուտբոլ խաղալու մեծ ցանկություն ունի 7-ամյան Լևոնը, սակայն հասակակիցներ չունի: Հասակակից ընկերների պակաս Միջնավանում զգում է ոչ միայն փոքրիկ Լևոնը: 15-ամյա Նարեկը նույնպես քիչ ընկերներ ունի, սակայն եղած ընկերներին էլ շատ թանկ է գնահատում. «Ես երազում եմ պարող դառնալ, գնալու եմ սովորեմ, սակայն անպայման վերադառնալու եմ և ընկերներիս պարել սովորեցնեմ ու պարի խմբակ բացեմ Միջնավանում»: 13-ամյան Կարենի ցանկություն այլ է՝ նա երազում է շուտ մեծանալ. «Պիտի շուտ մեծանամ, որ մեր քաղաքի ճանապարհներն իմ ձեռքով կառուցեմ»: Միջնավանցի երեխաներն ընկերների պակաս են զգում, քանի որ բնակչությունը քիչ է: ԼՂՀ-ի հարավային մասում գտնվող Միջնավան քաղաքը սկսել է բնակեցվել Արցախյան պատերազմից հետո. առաջին բնակիչները եղել են ընդամենը 13 հոգի: Ինչ վերաբերում է Միջնավանի դպրոցին, որ հիմնադրվել է 1996 թվականին, ապա այն այս պահին ունի 58 աշակերտ և գտնվում է անբարեկարգ վիճակում է, քանի որ վերանորոգման մեջ է 2011 թվականից: Խոստացել են, որ այս տարի սեպտեմբերին դպրոցը վերջնական տեսքի կգա: Սակայն դպրոցի աշակերտները չեն սպասում վերանորոգման ավարտին, նրանք քարուքանդ պատերը ծածկել են իրենց ձեռքի աշխատանքներով՝ նկարներով, դրոշերով: Միջնավանի ներկայիս բնակիչներն անկախ դպրոցի պայմաններից և իրենց առկա սոցիալական խնդիրներից, միևնույն է, չեն վախենում դժվարություններից. «Մենք սովոր ենք դժվարությունների, մենք կդիմանանք, այդ Երևանցիները կարող է չդիմանան, քանի որ մի տեսակ փափուկ կյանքի են սովորել»,- ասաց բնակիչն, ով չցանկացավ ներկայանալ, քանի որ ինչպես ինքն է ասում, չի սիրում խոսել թերթերի համար: