Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոքր ՀԷԿ-երի համակարգը դարձել է դժբախտություն»

Հասարակություն
bef9d5eec10101b6b6ea9fbf13e5cff3

Սևանից 240 մլն խորանարդ մետր ջրառի դեպքում կարձանագրվի լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ: Դա իր հերթին կորուստներ կառաջացնի նաև գետերում: Նման կանխատեսում արեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր «Մեդիա կենտրոնի» բանավեճի ընթացքում: «Սևանը առողջացման ճանապարհին է: Հիմա դա վտանգել ուղղակի չի կարելի»,- ասաց Կարինե Դանիելյանը: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է առաջիկա 5 տարում թույլատրել Սևանա լճից տարեկան առավելագույնը 240 մլն խորանարդ մետր ջրառ՝ դա պայմանավորելով Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար ջրի պակասով: Կարինե Դանիելյանը համաձայնեց, որ շատ կարևոր է, որ գյուղացիներն ունենան ոռոգում, սակայն վկայակոչեց գյուղացիների այն բողոքները, որ ջուր հոսում-գնում է, իրենք չեն կարողանում վճարել դրա դիմաց: Միաժամանակ Դանիելյանը վստահություն հայտնեց, որ Սևանից հավելյալ ջրառի փոխարեն պետք էր փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծել, քանի որ այդ ՀԷԿ-երը ջրազրկում են հարևան համայնքները: «Փոքր ՀԷԿ-երի համակարգը դարձել է դժբախտություն»,- ասաց Կարինե Դանիելյանը: «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը ևս հիշատակեց գյուղացիների այն բողոքները, որ չնայած ջրառի ավելացմանը՝ իրեց ջուր չի հասնում: Էկոլոգիական դաշինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու է կառավարությունը թույլադրել այդ քանակի ջրառ կատարել 5 տարի շարունակ: ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը նշեց, որ երկրի խմելու ջրի պաշարի մոտ 30 տոկոսն Արարատյան դաշտավայրում է: Նրա խոսքով՝ 31 համայնքի շուրջ 8000 հա հողերի ոռոգման և ատոմակայանի շահագործման ռիսկերը փոքրացնելու համար միակ տարբերակը Սևանից ժամանակավոր մինչև 240 մլն խոր. մետր ջուր վերցնելն է: Բանավեճի մյուս մասնակիցը՝ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանն ասաց, որ այս 5 տարվա ընթացքում նախատեսվում են խորքային հորերի, Սևջուր գետի ջրատվության բարելավմանը միտված միջոցառումներ: Բացի դրանից՝ մինչև 240 մլն խորանարդ մետր ջրառը չի ենթադրում, որ հենց այդքան է ջուր վերցվելու: Իսկ Յուրի Ջավադյանը նշեց, որ կառավարությունն այժմ մշակում է օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում Արարատյան դաշտավայրի ձկնային տնտեսությունները կանցնեն կիսափակ համակարգի՝ 70 տոկոսով փոքրացնելով ջրի օգտագործումը, և շատրվանող հորերի տարածքն աստիճանաբար կվերականգնվի: Նա կանխատեսեց, որ մինչև 5 տարին լրանալն արդեն այլևս կարիք չի լինի, որ կառավարությունը նորից նույն ծավալի ջրառի առաջարկով մտնի ԱԺ: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը սկզբունքային տարբերություն է տեսնում մինչև 220 և 240 մլն խմ ջրառի միջև: Կենտրոնի մասնագետները հիմնավոր էին համարել մինչև 220 մլն խմ ջրառը, սակայն այս առաջարկը չէր ընդունվել: Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը նշեց, որ Սևանի ջրով ոռոգվում են ոչ միայն Արարատյան դաշտավայրի, այլև Կոտայքի, Աշտարակի տարածքները: Զիրոյանի հավաստիացմամբ՝ այսօր լճի տարեկան 28 սմ աճ է արձանագրվում, թեև նախատեսված էր 20 սմ, իսկ Սևանի 1 սմ-ը պարունակում է 12-13 մլն խոր. մետր ջուր: Բանախոսը հավաստիացրեց, որ ԲՆ-ն առաջին հերթին խնդիր է դնում, որ չարձանագրվի լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ: Դատելով նրանից, որ 2013թ. Սևանի մակարդակը բարձրացավ շատ քիչ՝ ընդամենը 5-6 սմ-ով՝ Սիլվա Ադամյանը հնարավոր համարեց լճից առանց վերահոսկողության, թույլատրելիից մեծ ծավալի ջրի բաց թողումը: Սակայն Մկեր Մկրտումյանը և Յուրի Ջավադյանը բացառեցին չվերահսկվող ջրառի հնարավորությունը: