«Քանի դեռ հանդուրժում են, ոչինչ չի փոխվի» (տեսանյութ)
Ընդդեմ Հայաստանի Հանրապետության 11 տարիների ընթացքում կայացվել է 46 վճիռ։ «Մոտ 20 դեպքերում դրանք վերաբերում են անձի անձեռնմխելիությանը՝ կապված կալանքի հետ, մյուս խումբն արդար դատաքննության իրավունքի խախտումներն են»,- «Ա1+»-ին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Եվրոպական դատարանը Հայաստանից ամեն տարի մոտ 200 դիմում է ստանում, իսկ այս պահին քննության ընթացքում է մոտ 1000 գործ։ «Բայց դրանք քննվում են ոչ թե պալատի կազմում, այլ քննվում են միանձնյա դատավորի կազմում, որ հնարավոր է դիտվեն ակնհայտ անընդունելի, հնարավոր է դիտվեն անընդունելի 3 դատավորից բաղկացած կոմիտեի կողմից, կամ 7 դատավորից բաղկացած պալատի, եւ դրանց մի մասն է դառնում վճիռ»,- պարզաբանեց Ալվինա Գյուլումյանը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ցավով է փաստում, որ Հայաստանից խոշտանգումների փաստով շատ քիչ գործեր են գնում Եվրոպական դատարան, չնայած խոշտանգումները համատարած կատարվում են ոստիկանական բաժանմունքներում եւ քրեակատարողական հիմնարկներում։ «Կա Եվրոպական դատարանի վճիռ, որ գերբնակեցումը համարվում է խոշտանգում։ Հայաստանում, երբ գերբնակեցված են խցերը, որեւէ մեկը չի ցանկանում բողոքել։ Սա մտածողություն է, հոգեբանություն է»,- ասում է իրավապաշտպանը։ Նրա խոսքերով՝ հիմնականում Եվրոպական դատարան են ուղարկվում այն հայցերը, որոնք քաղաքական հնչեղություն ունեն։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ Հայաստանում արդարադատության վիճակը ողբալի է։ Նա դա պայմանավորում է քաղաքական կամքի բացակայությամբ։ «Օրենսդրությամբ դատական համակարգի կախվածությունը օրենսդիր մարմնից՝ հատկապես նախագահական ինստիտուտից, ակնառու է»,- ասում է իրավապաշտպանը։ Միաժամանակ նա ցանկանում է ուշադրությունը սեւեռել այն փաստի վրա, որ ընդդեմ ՀՀ-ի վճիռներից հետո գումարը գանձվում է պետբյուջեից։ «Ինչո՞ւ համար պետք է իմ հարկերի հաշվին վճարեմ պաշտոնատար անձանց ոչ պատշաճ եւ ոչ օրինական գործունեության համար»,- հարց է տալիս պարոն Սաքունցը։ Իրավապաշտպանը դա համարում է ներպետական խնդիր։ «Ցավոք սրտի Հայաստանում դեռեւս գտնում են, որ պաշտոնատար անձինք, ովքեր կատարել են խախտումներ, նրանց ոչ թե պատասխանատվության ենթարկել, այլ հովանավորության վերցնել»,- ասում է նա։ Արթուր Սաքունցը հորդորում է, քանի դեռ քաղաքացիները հանդուրժում են այս վիճակը, ոչինչ չի փոխվի։