Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները՝ ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
nairit

«Նաիրիտ»-ի հարցով ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովը կվերադարձնի՞ չմարված աշխատավարձը։ Քիմիական արդյունաբերության երբեմնի հսկայի ճակատագրից առավել այս հարցն էր հուզում ԱԺ-ի մոտ հավաքված նաիրիտցիներին. «Մենք պահանջում ենք 14 ամսվա մեր աշխատավարձերը, մենք ոչ դեպուտատ ենք ուզում լինենք, ոչ էլ նախագահ», «Ես արդեն ամեն ինչի հանդեպ իմ հավատը կորցնում եմ, ցանկություն էլ չունեմ երկիրը լքելու, բայց ամեն ինչ դրան ա տանում»,- դժգոհում էին ընկերության աշխատակիցները: Օրերս Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել էին «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը, որոնք որոշակիորեն առնչվում են նաեւ «Նաիրիտ» գործարանին։ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները։ Նաիրիտցիներին վարչապետի այս խոսքերը նույնպես հավատ չեն ներշնչում. «Գործարանը պատրաստի գործարան ա, ի՞նչի են թազեն սարքում, ո՞ւմ է պետք: Երեք տարուց հետո էս ժողովրդին որտեղից կարա՞ն ճարեն», «Մենք ոչ մի անգամ չենք հավատացել, որովհետև 5 տարի ա, կառավարությունը խաբում ա, խաբում», «Ծրագրերի մասին չեմ լսել, չեմ հետաքրքրվում, որովհետև 4 տարի է, ինչ արդեն լսում ենք, ժողովուրդը արդեն հավատը կորցրել է»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները: «Նաիրիտի» հարցը ԱԺ-ի օրակարգում հայտնվել էր ՀՅԴ պատգամավորների առաջարկով։ Կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները եկել էին ԱԺ-ի մոտ՝ նրանց սատարելու։ Նրանք համոզված են, որ եթե «Նաիրիտի» հարցով հանձնաժողովը ստեղծվի, այն կլուծի 4 տարի օդից կախված այս խնդիրը. «Նաիրիտը Հայաստանի ժողովրդի խնդիրն է, որովհետև դրա վերագործարկմամբ Հայաստանում սոցիալական խնդիր է լուծվելու»,- ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: