Քուրմ Աղաջանյանը կդիմի Գառնու տաճարի հարցով (տեսանյութ)
Մշակույթի Նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ վերածվել է մշակութասպան կառույցի և ավերում ու պղծում է հայոց մշակույթը։ Այսօր հայտարարել է «Արորդաց ուխտի» քուրմ Վրեժ Աղաջանյանը՝ անդրադառնալով Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու Մշակույթի նախարարության որոշմանը: «Գառնին իջեցնել օբյեկտի մակարդակի՝ նույնն է, որ պղծել սեփական մոր անկողինը, նրանք ովքեր մտածում են, որ դա էդպես պետքա անեն՝ հավասար է դրան։ Գառնին, ինչպես և Էջմիածինը, չի կարելի պղծել»,- ասաց քուրմ Աղաջանյանը: Պայքարի միջոցներ մշակելու փոխարեն «Արորդաց ուխտը» առաջարկությամբ դիմելու է մշակույթի նախարարությանը: Քուրմ Աղաջանյանի կարծիքով այդ առաջարկը ոչնչով չի զիջում նախարարության առաջարկին, ավելին՝ նա վստահեցնում է, որ դա ավելի եկամտաբեր կլինի. «Դեպի տաճար` մուտքի մոտ, կա մի հին կառույց, մենք առաջարկում ենք այդ կառույցը դարձնել Գառնի տաճարի հնագիտական թանգարան: Մենք գտնում ենք, որ թանգարանն ավելի շահութաբեր կլինի, քան օբյեկտը, պատրաստ ենք նույնիսկ ֆինանսավորել իրենց դրած ֆինանսի չափով»: