Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված քննարկում բրուցելյոզի թեմայով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar00002

Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղապետարանում լարված քննարկում է: Գյուղապետի մոտ հավաքվել են գյուղացիներն ու համայնքային անասնաբույժը: Պատճառը գյուղում հայտնաբերված բրուցելյոզն է: Նկարահանում թույլ չեն տալիս հենց գյուղացիները` ամոթ է: Ավելի ուշ դուրս է գալիս անասնաբույժը ու շտապում պարզաբանել` գյուղում բրուցելյոզի համաճարակ չկա: Հիվանդ կենդանիները հայտնաբերվել են և հարկադիր մորթի ենթարկվել, ներկայումս իրավիճակը կառավարելի է. «Տարբեր բնակիչների մոտ՝ շուրջ 18 ընտանիքներից ընդամենը 30-80 հիվանդ անասուն է եղել, մորթվել են, վերջացել ա, խնդիր չկա»,- ասաց անասնաբույժ Վրեժ Խոցանյանը: Եթե անասնաբույժի համար խնդիրը լոկ բժշկական է, ապա գյուղացիները բարձրաձայնում են սոցիալականի մասին: Իրենց ապրուստը ապահովում էին մորթված կովերը, հիվանդության լուրի տարածումից հետո էլ մսավաճառներն են հրաժարվում իրենցից գնում կատարել: Սասուն Կարագյոզյանը այդ գյուղացիներից մեկն է, մորթել է իր երկու կովերին. «Շներին գցեցինք, էդ միսը մեզ պետք չի»։ Գյուղացիներից Սերվենիկ Կարապետյանը ցույց է տալիս այն վայրը, որտեղ իր խոսքերով` եզդիները մորթել են միակ կաթնատու կովին. «Եկել են, մորթել ու գնացել, 120 հազար փող են տվել, բայց անասունը 400 հազար արժեր»։ Գյուղացին համոզմունք ունի, որ հիվանդությունը տարածվել է հենց մարդկային գործոնի արդյունքում. «Եզդիներն են տանում, բերեցին վարակը թափեցին, ուրիշ տեղից էժան-էժան բերեցին, հետո խաբում են, թե ջրից ա բանից ա, մորթեցին տարան, երևի շուկա տարան, չգիտեմ»: Այնուհետև տիկին Սերբենիկը ցույց է տալիս երեք հորթուկներին, որոնք կովից առանձին են եղել և չեն վարակվել: Կովերին արածեցնողները, թեև չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն նշեցին, որ իրենք չեն վարակի պատճառը: Ի դեպ, բրուցելյոզով հիվանդ միսը հնարավոր է վարակազերծել: Բրուցելաները 60 աստիճանի պայմաններում ոչնչանում են 30 րոպեում, 70 աստիճանի տակ` 5-10, 90-100 աստիճանում` անմիջապես: Կենդանիներից մարդուն փոխանցման պրոցեսում մեծ համաճարակային նշանակություն են ստանում միսը և հում կաթնամթերքները` կաթը, պանիրը և այլն: Վերջիններում հարուցիչները կարող են պահպանվել 15-60 օր, մսում` մինչև 20 օր: Առավել վտանգավոր են այծերի և ոչխարների կաթից ստացվող մթերքները, մասնավորապես բրինզա պանիրը: Բրուցելյոզը ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդություն է, որը բնորոշվում է երկարատև տենդով, հենաշարժիչ, սիրտ-անոթային, նյարդային, միզասեռական և այլ օրգան համակարգերի ախտահարմամբ: