«Տաքսի ծառայությունների 100դրամն ուղղակի միֆ է» (տեսանյութ)
Տաքսի ծառայությունների 1կմ-ի արժեքը 100 դրամ է: Համենայնդեպս, այդպես է ասվում։ Սակայն մեր քաղաքացիների կարծիքով՝ այդ 100 դրամն ուղղակի միֆ է, քանի որ մի շարք տաքսի ծառայությունների մեքենաների հաշվիչի վրա գումարի չափն սկսվում է փոխվել ժամանակից շուտ։ Արդյունքում ստացվում է, որ կիլոմետրի արժեքը 120-150 դրամ է։ Մասնավոր տաքսիների հաշվարկման մեթոդը քաղաքացիներից շատերի համար ընդհանրապես անհասկանալի է: Նրանցից շատերը պնդում են, որ մի շարք տաքսիների հաշվիչներ սկսում են փոխվել անգամ 2կմ-ից: Իսկ ահա ոմանք էլ դժգոհում են մասնավոր տաքսիների գնացուցակներից և նախընտրում են օգտվել «սերվիսի» տաքսիներից՝ խոստովանելով, որ այստեղ համեմատաբար քիչ են խաբում: Տաքսու վարորդներից շատերը, ի պատասխան քաղաքացիների բողոքների, առաջ են քաշում իրենց խնդիրները: Նրանց մեկը նշեց. «Ինչո՞ւ երկրում պետք է ամեն ինչ թանկանա, իսկ տաքսին ոչ»։ Նույնիսկ անվադողերն են թանկացել՝ 15.000 դրամից դառնալով 23.000 դրամ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը դրական է գնահատում այն փաստը, որ այս ոլորտը ազատականացված է, սակայն այն իր հետ բերում է նաև բացասական հետևանքներ: Նա նշում է, «Եթե ճիշտ մոտեցում չլինի, վիճակը այսպես էլ կմնա։ Այսինքն՝ այստեղ մոտեցումը պետք է լինի պրոֆեսիոնալ, որպեսզի ոչ միայն այս միջավայրի վրա բացասական ազդեցություն չունենա, այլև բխի սպառողի շահերից»: Այս ոլորտում ըստ Պիպոյանի կարևորագույն խնդիրներից է նաև այն, որ տաքսի ծառայությունները չեն անցնում լիցենզավորում, ինչի արդյունքում վարորդ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, անհրաժեշտ է միայն ունենալ վարորդական իրավունք և մեքենա: