«Դու դեռ էն կլասի չես, որ դասախոսի հետ բանավիճես»
Այսօր շատ հայ երիտասարդներ ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտերկրում: Նրանցից ոմանք վերադառնում են Հայաստան` լավ աշխատանք գտնելու ակնկալիքով, իսկ շատերը նույնիսկ չեն էլ վերադառնում:
Թե ինչ են փնտրում ու գտնում արտերկրում, ինչն է պակասում այստեղ, խոսում են հայ ուսանողները, ովքեր իրենց ուսումը շարունակել են արտերկրում:
Բյուրակն Իշխանյանը դեռ վաղուց էր մտածել արտասահմանում սովորելու մասին. «Ինչ-որ պահ եկավ, երբ շատ ուժեղ հիասթափվեցի մեր կրթական համակարգից ու հասկացա, որ այստեղի կրթությունը ինձ չի բավարարում: Իսկ եթե կրթությունը բավարար լիներ` գուցե չդիմեի արտերկրում սովորելու»:
Ինչպես շատերը, այնպես էլ Բյուրակնը, մտածել է չվերադառնալու մասին. «Ռոմանտիկ մտքերով տարված մտածեցի, որ ավելի ճիշտ կլինի` գամ Հայաստան, լավ աշխատանք գտնեմ, բայց, ցավոք, այդպես էլ չստացվեց ծրագրերս»:
Բյուրակն Իշխանյանը իր արտասահմանում ստացած կրթությունը այժմ կիրառում է միայն մանկավարժական համալսարանում դասավանդելու համար, այն էլ ժամավճարով ու շաբաթը մեկ անգամ:
Արտերկրում սովորած ուսանող Հովսեփ Պատվականյանը նշում է` ինչ առավելություններ ունի արեւմտյան համակարգը հայկական կրթական համակարգի համեմատ: «Դա առաջին հերթին գիտելիքի կիրառումն է: Հայկական համալսարանների հիմնական թերությունը հենց այն է, որ մեզ տալիս են գիտելիք, որը հիմնականում թեորեա է, ու իրական կյանքում պրակտիկորեն չի կարող կիրառվել:
Արեւմտյան կրթական համակարգում այդ բացը լրացված է նրանով, որ հիմնական առարկաները դու ես ընտրում, որոնք կարող ես աշխատանքի մեջ կիրառել, այսինքն`այն, ինչ դու սովորում ես, չի մնա թղթի վրա, այլ կարող ես կիրառել աշխատանքում: Արտերկրում ստացած ուսումս ինձ օգնել է այնքանով, որ մարզել է ուղեղս, ու կարողանում եմ ամեն ինչ շուտ ընկալել, վերլուծությունների հմտություններին եմ տիրապետում եւ այժմ ունեմ լավ աշխատանք»:
Չնայած,որ Հովսեփը արտերկրում աշխատելու հնարավորություն է ունեցել, բայց նախընտրում է իր հայրենիքում ապրել ու աշխատել: Նա խորհուրդ է տալիս արտերկրում սովորել, բայց անպայման վերադառնալ:
Այն հարցին, թե ինչ կփոխեր մեր կրթական ոլորտում, ասաց. «Այստեղ երբեք չես կարող դասախոսին առարկել, կարող ենք իրար մեջ խոսել, բայց երբեք չենք բարձրաձայնում։ «Դու դեռ էն կլասին չես, որ այստեղի դասախոսների հետ բանավեճի մեջ մտնես»՝ սա է այստեղի մտածելակեպրը: Լավ կլիներ,որ դա փոխվեր»:
«Կրթություն արտերկրում» միջազգային կրթական խորհրդի փոխտնօրեն Ռաֆայել Գեւորգյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն ապահովում է ուսումնական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձեւակերպումը, մասնակցի մեկնելն ու նրա մասնակցությունը ծրագրին, սակայն կրթաթոշակով չի ապահովում ու ի պատասխան կազմակերպությունների, որոնք նշում են, թե իրենք ուսանողին տրամադրում են կրթաթոշակներ, Ռաֆայել Գեւորգյանն ասում է. «Ի գիտություն Ձեզ`ասեմ, որ կրթաթոշակներ որ ասում են, ավելի շատ հնչում են, քան գոյություն ունեն, մենք էլ շատ մարդկանց ենք տեսել, որ հեռուստացույցով ասում են, թե գումար են շահել կամ մեքենա, բայց արդյոք դա ճի՞շտ է: Ես չեմ հավատում նման բաների»: