A
A
Առաջարկ՝ ցմահ ազատազրկվածների հարցով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
Դիմում-առաջարկ
Տարեցտարի ցմահ ազատազրկվածների թիվը նվազում է. մահանում են տարբեր հիվանդություններից, ինքնասպանվում, ստանում հոգեկան շեղումներ: Պատժի նպատակն իսպառ վերանում է: Առաջարկում ենք ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը /նրանցից 35-ը նախկին մահապատժի դատապարտվածներ են/, առանձնացնելու վիճելի, կասկածելի գործերը տեսակավորելու դրանք, ըստ ձերբակալման պահին դատապարտյալի տարիքի, սպանությունների թվի, դատվածությունների քանակի, հանցագործության տեսակի ու բնույթի: Ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև 8 մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Այս գործերից 35-ը քննվել են 1991-ից 2003 թ.-նն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ նոր էին ձևավորվում պետական համակարգերը, այդ թվում՝ դատականը, երբ մարդկանց դատապարտում էին 1961 թ-ի խորհրդային օրենսգրքով: Ցմահ դատապարտյալներից շատերը պատիժ են կրում նախորդ դարի 90-ականներից՝ շուրջ 20 տարի՝ փակ ռեժիմում: Ուստի առաջարկում ենք՝ 1. Առանձնացնել և ուսումնասիրել 18-21 տարեկանում ձերբակալվածների գործերը: 104 ցմահ դատապարտյալներից 17-ը ձերբակալման պահին եղել են 18-21 տարեկան: Եվրոպական մի շարք երկրներում, եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան դատապարտել պատժի առավելագույն չափի, քանի որ ամրագրված են երիտասարդների արդարադատության դրույթները, ըստ որի այդ տարիքային խմբին պատիժ նշանակելիս կիրառվում են օրենսդրության առավել մեղմ դրույթներ: 2. Ուսումնասիրել, թե ինչու չի կիրառվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, չի գործում պահման ռեժիմների փոփոխման համակարգը /10 ցմահ դատապարտյալ արդեն հատել է պայմանական ազատման ներկայացման 20 տարվա շեմը, սակայն փակ ռեժիմից նրանց չեն տեղափոխում կիսափակ ռեժիմ, չի կիրառվում նաև վաղակետ ազատումը/: Ուսումնասիրել նաև, թե ինչու չի կիրառվում պատժի չկրած մասն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դրույթը: Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է: 3. Ուսումնասիրել, թե ինչու համաներման ու ներման ինստիտուտների միջոցով երբևէ անդրադարձ չի կատարվում դատապարտյալների այս խմբին: 4. Մասնագետ-իրավաբանների միջոցով գտնել ու վեր հանել պատժի առավելագույն չափի դատապարտվածների վիճելի գործեր, մարդկանց, ովքեր տարիներ պնդում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել բանտում, պայքարում են իրենց գործերի վերանայման համար: 5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ: 6. Քրեակատարողական օրենսգրքով տալ հնարավորություն հարազատների հետ կապը ընդլայնելու համար: Այլապես ցմահ դատապարտյալները տարեկան 1 երկարատև՝ 3 օրյա և 3 կարճատև՝ 1 ժամյա երկշերտ ապակե միջնորմով տեսակցությունների իրավունք ունեն՝ անկախ նրանից 20 տարի են պատիժ կրում, թե առաջին տարին են բանտում: Յուրաքանչյուր 5 տարին մեկ կարելի է ավելացնել տեսակցությունների ու հեռախոսազանգերի թիվը՝ խթանելով ընտանեկան կապերը: 7. Այսօր քրեակատարողական օրենսգրքով անգամ խրախուսանքի ձևերից մեկը ռեժիմի փոփոխումն է, սակայն որևէ անգամ ցմահների հանդեպ չի կիրառվում խրախուսանք: Ուսումնասիրել օրենքի դրույթի չկիրառման պատճառները: Համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների գործերի ուսումնասիրմամբ, օրենսդրական մեխանիզմներ մշակելով և գործերի, պատժաչափերի վերանայմամբ հնարավոր կլինի մեղմել Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրը, որը բարձրաձայնվում է տասնյակ տարիներ: Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնություն