Նախարարը խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր և աշխատանքներ է տանում։ Որպես օրինակ` ներկայացրեց վերջերս Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ Ընդգծելով արդյունավետ կառավարման կարևորությունը` նախարարը տեղեկացրեց, որ հոգեբուժական ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմը զգալիորեն կբարելավի բուժհիմնարկների վիճակը։ Հոգեբուժական, նարկոլոգիական և հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Դերենիկ Դումանյանը խնդիր դրեց առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։ Նախարարն իր մտահոգությունը հայտնեց դատահոգեբուժական փորձաքննության ոլորտի` փորձագետների ընտրության, հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման, վարձատրման և այլ խնդիրների հետ կապված։ Նա վստահեցրեց, որ համատեղ ուժերով պետք է լիովին կանոնակարգվի նաև այս դաշտը։ ԱՆ