Բազում մեղքեր կարող են ապաշխարություն ստանալ (տեսանյութ)
«Մարտի 16-ը` Անառակի կիրակին, մեզ ևս մեկ անգամ խորհրդածելու առիթ է տալիս, որ մենք, հանցավոր լինելով հանդերձ, պետք է մտածենք ապաշխարելու մասին: Պահքի օրերին Աստված մեզ տալիս է ապաշխարելու հնարավորություն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սբ.Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Քահանայի խոսքերով` եթե մենք հայացք նետենք մեր հոգևոր և անձնական կյանքին, կտեսնենք, որ բազում մեղքեր կան, որոնց համար կարող ենք ապաշխարել. «Անկեղծ, մաքուր, զուլալ, ապաշխարության դեպքում Աստված ներողամիտ կլինի մեր նկատմամբ»: Այն հարցին, թե եթե պահք պահող մարդը ուրիշի մեղքով շեղվում է սննդակարգից, ի՞նչ պետք է անի, Տեր Կարապետը պատասխանեց. «Որևէ խնդիր չկա: Այդ մարդը կարող է շարունակել իր պահքը»: Անդրադառնալով պահքի շրջանում տեղի ունեցող ծիսակատարություններին (հարսանիք, կնունք), Սբ.Սարգիս եկեղեցու արարողապետը նշեց, որ պահք պահողները նման ծիսակատարություններից զերծ կմնան. «Նրանք կսպասեն և Սուրբ Զատիկից հետո կանեն իրենց արարողությունները»: Իսկ նրանք, ովքեր պահք չեն պահում և ցանկանում են օրինակ ամուսնանալ, եկեղեցին կօրհնի. «Կա Վազգեն Վեհափառ Հայրապետի թույլտվությունը, որ պսակը կարող է օրհնվել»: