Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը առաջին տեղը գրավեց
Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող հանդես եկավ Ռիգայում կայացած սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սանը կայուն ելույթներ ունեցավ բոլոր վեց մրցաձեւերում եւ բազմամարտում գրավեց առաջին տեղը: Արթուր Դավթյանը վաստակեց 87 միավոր եւ 2.5-ով բարելավեց իր նախկին արդյունքը: Երեւանցի 22-ամյա մարմնամարզիկը գերազանց հանդես եկավ նաեւ առանձին գործիքների վրա: Արթուր Դավթյանը անգերազանցելի էր նժույգթափեր, օղակներ, զուգափայտ եւ պտտաձող մրցաձեւերում, իսկ ազատ վարժություններում եւ հենացատկում նա գրավեց 2-րդ տեղը: Հայաստանի մարմնամարզության հավաքականը մարտի 15-ին կմեկնի Քաթար, որտեղ կանցկացնի 10-օրյա ուսումնամարզական հավաք: Մեր մարզիկները մարտի 25-30-ը կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: