Չար կատակներ մեր շախմատիստների համար
Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 15-րդ առաջնությունը մոտենում է հանգուցալուծմանը: Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի պարտիաները: Ավաղ, առաջնությունը սպասարկող համակարգիչը հերթական անգամ չար կատակ խաղաց մեր շախմատիստների հետ: Վեցական միավոր ունեցող 13 մասնակիցների մեջ այն որպես մրցակիցներ ընտրեց հենց Հայաստանի երկու ներկայացուցիչներին, եւ Վլադիմիր Հակոբյանին բաժին հասավ Հրանտ Մելքումյանը: Հարկ է նշել, որ մեր փորձառու գրոսմայստերը մինչ այդ արդեն երեք անգամ մրցել էր իր հայրենակիցների հետ: Նույն պատմությունը կրկնվեց նաեւ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի եւ Արման Փաշիկյանի հետ, որոնք ունեն 5,5-ական միավոր եւ այս տուրում պետք է հանդիպեն հենց իրար հետ: Դա նշանակում է, որ մեր շախմատիստները ստիպված են միավորներ փախցնել իրարից, որի արդյունքում երկուսը կշարունակեն պայքարը մեդալների համար, իսկ մյուս երկուսը դուրս կմնան պայքարից (ոչ-ոքիների դեպքում բոլորն էլ ետ կմնան առաջատարներից):