Ներկայացվել է կանանց առողջության պահպանման ընթացքը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։ Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին նաև մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշները, առկա խնդիրները։ Դերենիկ Դումանյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։ «Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը»,-ասաց նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։ Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրեց հսկողության տակ պահել Մեղրու և Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։ «Մարզի բնակչության համար է կառուցվում, ձեր բժիշկներն են աշխատելու։ Ճիշտ կլինի, որ մշտապես ուշադիր հետևեք, որպեսզի հիվանդանոցն ամենաբարձր որակով կառուցվի, շեղումների դեպքում էլ անմիջապես ահազանգեք»,-ասաց նախարարը։ Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվեց համապատասխան որոշում։ ԱՆ