«Փոխվարչապետը խաբեց մեզ»
Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ Արագածոտնի մարզի 5 համայնքների բնակիչներն այսօր կրկին Օհանավան գյուղի կենտրոնում էին։ Նրանք պետք է հանդիպեին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին։ «Նախապես պայմանավորվածություն եղել է, մենք էլ առավոտից հավաքվել ենք։ Բայց մի քանի ժամ սպասելուց հետո իմացանք, որ հանդիպում չի լինելու, մեզ խաբեցին չեկան։ Բարձրացանք, որ մայրուղին էլի փակենք, ոստիկանները եկան ու ասացին, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի։ Եթե երկուշաբթի էլ խաբեն, ապա մենք նորից կփակենք Օհանավան-ՈՒշի ավտոճանապարհը»,- «Ա1+»-ին հայտնեց օհանավանցի Վարդան Պողոսյանը։ Պարոն Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջողության չհասնելու դեպքում իրենք ակցիաները շարունակելու են նաեւ Երևանում։ Գյուղացիների խոսքով, Ապարան ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունն իրենց կզրկի 1500 հեկտար խնձորի այգիների ոռոգման ջրից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Արագածոտնի մարզի մոտ 500 բնակիչ մի քանի ժամ փակել էին Օհանավան-ՈՒշի ավտոճանապարհը և պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Շինարարությունը մինչ օրս դադարեցված է։