Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Ս. թ. մարտի 18-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվերդյանը: Փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրության և իրավական ակտերի մշակման ու բարելավման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման և օգտագործման ոլորտներում: Նախատեսվում է գիտամեթոդական խորհուրդների համագործակցություն, հնագիտական պեղումների, հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում, աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխայցելությունների կազմակերպման ուղղություններով: